Հունիսի 8-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի քաղաքապետի ընտրությունները խաղաղ են անցել, առանց ընտրատարածքում մեծ խախտումների։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Վախթանգ Սիրադեղյանը։
«Ընտրախախտումները կատարվում են ոչ ընտրությունների օրը, և ոչ ընտրատեղամասում, այլ դրանից դուրս: Հաղթում է նա, ով կարողանում է շատ մարդ բերել ընտրության: Իսկ շատ մարդ բերում է այն թեկնածուն, որը տիրապետում է վարչական ռեսուրսի»,- ասել է Վախթանգ Սիրադեղյանը:
Նշենք, որ հունիսի 8-ին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը՝ 2,286 ձայնով:
Թեմային անդրադառնալով՝ Ecolur.org կայքը գրում է, որ ջերմուկցիները դեմ են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, սակայն ընտրել են դրան կողմ քաղաքապետին:
Ջերմուկում Ամուլսարի հարցը առաջնահերթություն է, համայնքը տարիներ շարունակ պայքարել է հանքի շահագործման դեմ, իսկ դեռևս 2013 թ-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման Ջերմուկի ազդակիր համայնք ճանաչելու հայցով Ջերմուկի բնակիչները դիմել են դատարան:
ՀՀ դատական բոլոր ատյանները դիմումը մերժել են, սակայն քաղաքացիները պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան, քանի որ համոզված են՝ հանքը խանգարելու է Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի համբավին:
Ամուլսարի հանքի շահագործման վերջին նախագծով ազդակիր համայնքներ են ճանաչվել Գնդեվազ, Գորայք և Սարավան փոքր համայնքները:
Ecolur.org-ը հիշեցնում է, որ վերընտրված քաղաքապետը հայտարարել էր, որ ինքը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, քանի որ եթե հանքավայրի շահագործման ընթացքում ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործվեն, այն չի խանգարի զբոսաշրջության զարգացմանը: