Home / Հայաստան / Լրագրողների և չլրագրողների տարբերությունն՝ ըստ Արամ Աբրահամյանի

Լրագրողների և չլրագրողների տարբերությունն՝ ըստ Արամ Աբրահամյանի

«Եթե Եվգենի [ոչ Դմիտրի] Կիսելյովը գար Հայաստան և, հյուրընկալվելով Ազգային ժողովում, կարծիք արտահայտեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, դա կդառնա՞ր համընդհանուր քննարկման առարկա։ Եթե «Նովայա գազետա»-ի գլխավոր խբմագիր Դմիտրի Մուրատովը որևէ մեկիս պատմեր, որ Երևանում երիտասարդ տաքսիստը չի կարողացել իր հետ ռուսերեն շփվել, մենք դրա մեջ կտեսնեի՞նք «մեծապետական շովինիզմ»։ Իհարկե, ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ մարդիկ լրագրողներ են»։ Այս մասին «Առավոտ»-ի այսօրվա համարում գրում է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Լրագրողներն, ըստ նրա, միայն իրենք իրենց պետք է ներկայացնեն։ «Հենց որ մենք սկսում ենք ներկայացնել որևէ իշխանություն, ընդդիմություն, կուսակցություն, տնտեսական խումբ, որևէ պետություն կամ պետական գերատեսչություն, մենք դադարում ենք լրագրող լինելուց, և մեր ամեն մի գրած կամ արտասանած բառ ընկալվում է որպես տվյալ խբմի կամ տվյալ պետության տեսակետ», – գրում է լրագրողը։

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն, ըստ հոդվածագրի, լրագրող չէ, նա Կրեմլի ագրեսիվ, կացնային քարոզչության ներկայացուցիչ է, ըստ էության, պետական չինովնիկ է, ընդ որում՝ իր իրական կարգավիճակով ավելի բարձր է, քան ռուսաստանյան շատ-շատ պետական այրեր, համարյա «Ճշմարտության նախարար» [եթե հիշենք Ջորջ Օրուելի վեպը]։

«Ոչ մի իսկական լրագրողի դատողություններ ՀՀԿ-ական պատգամավորները չէին լսի նման ուշադրությամբ։ Եթե Դմիտրի Կիսելյովը լրագրող լիներ, նրանք այդպիսի հնազանդությամբ չէին ընկալի հյուրի «ղեկավար ցուցումները», թե ինչպես պետք է կազմակերպենք մեր ներքին կյանքը։ Իսկ այս դեպքում միանգամայն պարզ է ռուսաստանյան չինովնիկի գլխավոր ուղերձը՝ ուզո՞ւմ անվտանգություն, պետք է ընդունեք նաև մեր տոտալիտար մշակույթը», – գրում է Աբրահամյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում