Home / Տեսանյութեր / Բնապահպաններն առաջարկում են առկախել Օրհուսի կոնվենցիայով ՀՀ-ին տրվող առավելությունները

Բնապահպաններն առաջարկում են առկախել Օրհուսի կոնվենցիայով ՀՀ-ին տրվող առավելությունները

2001 թվականին Օրհուսի կոնվենցիայի վավերացումից ի վեր, Հայաստանի կառավարությունը և կոնվենցիայով ամրագրված իրավունքների իրականացման համար պատասխանատու անձինք ամբողջությամբ ձախողել են դրա կատարումը: 2004 թվականից Հայաստանի շահագրգիռ հանրության կողմից կոնվենցիայի Համապատասխանության կոմիտե ներկայացված բոլոր երեք դիմումները բավարարվել են՝ արձանագրելով կոնվենցիայի դրույթների լիակատար ձախողում: Այս մասին ասված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ, որը ներկայացվելու է այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում կայանալիք Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպման, որի ընթացքում քննվելու են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հիմնահարցերը:

Ձախողված դրույթների շարքում բնապահպանները, մասնավորապես, նշում են․ 

ա) տեղեկատվության պատշաճ տրամադրումն ապահովելու համար այդպես էլ չի ներդրվել վիճակագրական մոնիթորինգի մեխանիզմ,

բ) ընդունված չեն օրենսդրական, կարգավորող կամ վարչական անհրաժեշտ միջոցառումներ ապահովելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և որոշումների կայացմանը հանրության մասնակցության ընթացակարգը,

գ) չեն իրականացվել անհրաժեշտ օրենսդրական և վարչական միջոցառումներ ապահովելու համար շահագրգիռ հանրության (ազդակիր համայնքի բնակիչներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ) կողմից շրջակա միջավայրին վերաբերող հարցերում դատական մատչելիությունը:

…Ձախողելով Օրհուսի կոնվենցիան, Հայաստանի կառավարությունը էականորեն ձախողում է նաև այն միջազգային պայմանագրերը, որոնց շրջանակներում կառավարությունը միջազգային կառույցներից ստանում է հսկայական ֆինանսական միջոցներ: Այս պահի դրությամբ միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված են անտառի արդյունավետ կառավարմանը, անապատացման դեմ պայքարին, կենսաբազմազանության պահպանմանը և այլ ձախողված հիմնահարցերին առնչվող 15 ծրագրեր՝ ավելի քան 15 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով:

Մեր գնահատմամբ՝ այս ծրագրերի իրականացումը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ Հայաստանի կառավարությունը չի ապահովել Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումը"

Ավելին, այժմ PensionDenmark դանիական մասնավոր կենսաթոշակային ֆոնդի միջոցների հաշվին և Դանիայի պետական Export Kredit Fonden գործակալության միջնորդությամբ ֆինանսավորվում է Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի մի մասը, որի անօրինականությունը հիմնավորված է Համապատասխանության կոմիտեի երկու որոշումներով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած փաստերով։

Վերոգրյալի հիման վրա, կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը ստիպված ենք առաջարկել «Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության մեխանիզմով» սահմանված կարգով Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել f) կետով սահմանված նախազգուշացում և/կամ g) կետին համապատասխան` ժամանակավորապես առկախել Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանին տրված առավելությունները և հատուկ իրավունքները, որոնք ներկայացված են Կողմերի առաջին հանդիպման զեկույցում։

Մենք գտնում ենք, որ Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառվող այս միջոցը կարող է պարտադրել կառավարությունը կատարելու ստանձնված միջազգային պարտավորությունները և նպաստել շրջակա միջավայրին առնչվող միջազգային ծրագրերի թափանցիկությանն ու արդյունավետության բարձրացմանը», – մասնավորապես, նշված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

Նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին ստորագրել հայտարարության տակ: