Home / Տեսանյութեր / 1 հարց հայաստանցի լրագրողից․ Երևանում Լավրովն ու Նալբանդյանը ռուսերեն էին խոսում

1 հարց հայաստանցի լրագրողից․ Երևանում Լավրովն ու Նալբանդյանը ռուսերեն էին խոսում

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի այսօրվա ասուլիսն ուշացումով է մեկնարկել, ասուլիսի մասնակիցները խոսել են ռուսերեն, իսկ հայաստանցի լրագրողների համար թարգմանություն չի ապահովվել։ Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, արտգործնախարարները հիմնականում արձանագրային հայտարարություններ են արել, իսկ հայաստանցի լրագրողներից միայն մեկին է թույլատրվել հարց ուղղել։

News.am-ի լրագրողի հարցը չի վերաբերել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նա հարցրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին։

Փոխարենը, 2 հարցի հնարավարություն է տրվել ռուսաստանցի լրագրողներին, որոնցից մեկը, մասնավորապես, Լավրովից հետաքրքրվել է Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին։ Երկրորդ հարցն ուղղվել է Էդվարդ Նալբանդյանին․ ռուսաստանցի լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ՌԴ-ն կարող է օգնել Հայաստանին բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները։

Հարցից հետո միջամտել է Սերգեյ Լավրովը՝ հետաքրքրվելով լրագրողից, թե ինչու է Ռուսաստանի կողմից աջակցության մասին հարցը տրվում Հայաստանի արտգործնախարարին։ Նալբանդյանը, իր հերթին, նշել է, որ 2009 թվականին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման ժամանակ Հայաստանը տեսել է, որ Ռուսաստանն աջակցում է այդ գործընթացին։

ԱԳ նախարարների հայտարարությունների ընթացքում Լավրովն անդրադարձել է քաղաքական հակամարտությունների խնդրին՝ ընդգծելով, որ դրանք ավելի հեշտ կլուծվեն, եթե հաշվի առնվեն մարդկային կյանքերը։

Նա նկատել է, որ, օրինակ, Ուկրաինայում Ռուսաստանը ոչ թե աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում, այլ հետաքրքրված է, որ «այնտեղ դադարեն մարդկանց, այդ թվում՝ ռուս լրագրողների սպանությունները»։

Ըստ նրա՝ Ռուսաստանն ամենուր է կարևորում մարդկանց կյանքը, այդ թվում՝ Միջին Արևելքում, որտեղ մեծագույն սպառնալիքն ահաբեկչությունն է։ Լավրովն ընդգծել է, որ ինքը դեմ է երկրներում վարչակարգի փոփոխությանն ամեն գնով՝ «մարդկանց կյանքի գնով»։

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա ՌԴ արտգործնախարարի խոսքով, Ռուսաստանը հույս ունի, թե մոտ ապագայում երկու երկրների նախագահները կկարողանան իրագործել համանախագահների առաջարկները։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները նշել են, որ այցի շրջանակներում քննարկվել է ՀՀ՝ Եվրասիական միություն մտնելու, ինչպես նաև այլ միջազգային կառույցներում ընդգրկվածության հարցերը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ռուսաստանի կողմից միգրացիոն քաղաքականության ոլորտում արված փոփոխությունները հարցը, որոնք ազդում են հայաստանցի միգրանտների վրա։ Այդ հարցի առնչությամբ այլ մանրամասներ արտգործնախարարները չեն հայտնել։