Home / Տեսանյութեր / Թաղմանը զինվորները պնդել են՝ ոչինչ չգիտեն, ինստրուկտաժ էին ստացել, վստահ է զոհվածի բարեկամը

Թաղմանը զինվորները պնդել են՝ ոչինչ չգիտեն, ինստրուկտաժ էին ստացել, վստահ է զոհվածի բարեկամը

Հունիսի 20-ին զոհված շարքային Գրիշա Խաչատրյանի պատմությունը շատ խճճված է՝ կծիկի ծայրը գտնել է պետք ու հետամուտ լինել, մինչև կպատժվեն բոլոր մասնակիցները։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արման Նիկողոսյանը։

Վերջինս հունիսի 22-ին Սիսիանում մասնակցել է Գրիշայի հուղարկավորությանը․ Նիկողոսյանի խոսքով՝ հնարավոր չէ նկարագրել այն մթնոլորտը, որը տիրում էր հարազատների շրջանում, ովքեր հստակ չգիտեն, թե ինչ է կատարվել Արարատի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքում։

«Չաստից Սիսիանի տարածաշրջանի ծառայող երեխեքին ուվալնենի էին տվել, որ գան, մասնակցեն թաղմանը։ Զարմանալին այն է, որ զորամասում նման դեպք է եղել ու այդքանից հետո երեխեք են ուվալնյատ անում՝ մասնակցեցին թաղմանը, երեկոյան էլ տուն գնացին», – ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Արարատի զորամասից հուղարկավորությանը մասնակցելու եկած շարքային զինվորներից մինչև հրամանատարական կազմը միաբերան պնդել են, թե տեղյակ չեն կատարվածից։

«Ասում են՝ դիրքերում է եղել, մենք զորամասում էինք ու ոչինչ չգիտենք, բայց պարզ երևում էր, որ երեխեքին հատուկ են պատրաստել՝ մեծից փոքր ինստրուկտաժ արել, նոր էին բերել։ Մենք սա էսպես չենք թողնի, ամբողջը պարզելու ենք՝ կետ առ կետ, բոլորը պատժվելու են», – եզրափակել է Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատրյանի մահվան լուրի տարածումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարել էր, որ քրգործ է հարուցվել 104 (սպանություն) հոդվածի հատկանիշներով։ Epress.am-ի հետ զրույցում հունիսի 21-ին Խաչատրյանի դիահերձմանը մասնակցած ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը պնդել է, որ նախապես քրգործ է հարուցվել 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Մարտիրոսյանի խոսքով՝ այդ փաստաթուղթն ինքն ու Խաչատրյանի հարազատներից մեկը տեսել են դիահերձարանում, բայց ՊՆ-ի հաղորդագրության մեջ այդ մասին նշված չէ։