Պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմող կալանավորների թիվը տարեցտարի աճում է, սակայն հանձնաժողովը գնալով ավելի քիչ դիմումներ է բավարարում: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Անի Վարդանյանը:
«2011 թվականին անկախ հանձնաժողովին ներկայացվել է պայմանական վաղաժամկետ ազատման 5261 դիմում, որից ազատ է արձակվել 303-ը, 2012 թվականին՝ դիմողների թիվը մեծացել է, սակայն ազատվել է միայն 291 հոգի, իսկ 2013 թվականի՝ 261»,- ասել է Անի Վարդայանը:
Դիմումների բավարարման գործընթացը խիստ մտահոգիչ է համարում նաև հասարակական խմբի անդամ Արայիկ Զալյանը: Նրա խոսքով՝ մերժման դիմումները միմյանցից տարբերվում են միայն դիմողների անուն-ազգանուններով, մերժման հիմքերը նույն են՝ բնութագիր միջին ռիսկային լինելու մասին, տույժերի մեծ քանակ:
«Մեր համակարգում և վարչակազմի և անկախ հանձնաժողովի պարագայում չափանիշներ չկան, հետևաբար կայացված որոշումներն անհիմն են»,- ասել է խմբի մեկ այլ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը: Նա բացատրել է, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակն է քաղաքացու՝ հասարակության հետ ինտեգրվելը, նոր հանցագործությունների կանխելը:
Ըստ Հարությունյանի՝ որոշ դեպքերում դիմումների մերժումն անվիճելի անհիմն է: Օրինակ, հանձնաժողովը քննում է՝ արդյոք դատապարտյալը մասնակցել է ՔԿՀ-ում անցկացվող սպորտային և մշակութային միջոցառումներին:
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ միավորից դատապարտյալը պետք է զրկվի, եթե ՔԿՀ-ն չունի պամաններ, նման միջոցառումներ չի իրականացում: Երկորրդ՝ գաղտնիք չէ, որ դատապարտյալների մեծ մասը տույժեր ունի հեռախոս պահելու համար: Բայց հեռախոս պահելու տույժը չպիտի նույնքան գնահատվի, որքան, օրինակ, հսկիչին չենթակվելու համար ստացած տույժը»,- ասել է Հասմիկ Հարությունյանը: