Home / Հայաստան / ՌԴ-ն վավերացրել է Հայաստանին գազի, նավթի և ալմաստների մաքսազերծ մատակարարման համաձայնագիրը

ՌԴ-ն վավերացրել է Հայաստանին գազի, նավթի և ալմաստների մաքսազերծ մատակարարման համաձայնագիրը

ՌԴ Դաշնության խորհուրդն այսօր կայացած նիստում վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը, որը վերաբերում է բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների ոլորտներում համագործակցությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ու նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ մատակարարում մինչև Եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի անդամակցությունը։

Ըստ համաձայնագրի՝ ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով ներկրված նավթամթերքի և բնական գազի համար, որոնք հաստատվել են ինդիկատիվ հաշվեկշիռների կազմում, ինչպես նաև Հայաստան մատակարարվող ալմաստների համար։

Արգելվում է նաև ՌԴ-ից Հայաստանին առանց մաքսազերծման մատակարարվող ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ։ Բացի դրանից, կողմերի իրավասու մարմինները համաձայնեցնում են հաջորդ օրացուցային տարվա համար Հայաստանում նավթամթերքների և բնական գազի ներքին սպառման ծավալներն ու անվանացուցակը։

ՌԴ-ի և Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվում են պայմանագրեր՝ ՌԴ-ի ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաստանի երեսակող ձեռնարկություններին չմշակված բնական ալմաստների մատակարարման ծավալներն ու կարգը սահմանելու համար։