Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։
Հունիսի ընթացքում ԼՂՀ և ՀՀ Պաշտպանության նախարարությունները հաղորդել են հակառակորդի գնդակից զոհվելու 4 դեպքի մասին։ Բացի Արմեն Ավետիսյանից, հունիսի 19-ին ԼՂՀ-ում սպանվել է ավագ սերժանտ, 26-ամյա Նարեկ Պողոսյանը, իսկ հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանային գոտում զոհվել են զինծառայողներ Անդրանիկ Եղոյանը և Բորիս Գասպարյանը։
Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում, սակայն ՊՆ-ն փոխել է այդ օրը հայտարարված նախնական երկու վարկածները՝ քրեական գործ հարուցելով սպանության հոդվածով։