Այսօր՝ ժամը 10։20-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում զինվորական շտապ օգնության մեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այրվածքներից մահացել է բուժքույր Արևիկ Բաբասյանը, երկու ժամկետային զինծառայողներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը։ Դեպքը տեղի է ունեցել գյուղապետարանի մոտ։
«Զինվորական շտապօգնությունը գյուղամիջով բարձրանալուց է եղել, ընկել հետևի վրա՝ դե ներքևում ձոր է, մի 5-10 մետր գլորվել է փոսի մեջ ու միանգամից կպել է։ Մեքենայի պայթյունից կողքի տունն էլ հետը վառվել է։ Այդ տանը մարդ չի եղել։ Զինվորները դուրս են եկել մեքենայից, բուժքույրը չի հասցրել, ամբողջությամբ այրվել է։ Զինծառայողները թեթևակի այրվածքներ են ստացել, տեղափոխվել են հիվանդանոց», -ասել է գյուղապետը։