Տավուշի մարզում գտնվող սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերի ռմբակոծությունը շարունակվել է նաև հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը։ Այս մասին Epress.am-ին պատմել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս, արձագանքելով հունիսի 28-ին Այգեպարի գնդակոծության մասին լուրին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի մեկ այլ անդամ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել էր սահմանամերձ գյուղեր և գիշերն այնտեղ անցկացրել։
«Մարդիկ ապրում են նշանառության տակ: Մի կողմից՝ դատարկվող գյուղ, սոցիալական անտանելի պայմաններ, մյուս կողմից՝ ամեն օր կրակի զոհ դառնալու վտանգ: Խնդիրների մի փունջ ունի ամեն քաղաքացի, որ ապրում է այս գյուղերում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իրենց այցելած գյուղերը շատ են տուժել հակառակորդի կրակոցներից. այրվել են մի քանի տներ, ջարդվել են պատուհաններ, այրվել են որոշ ցանքատարածություններ:
Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ սահմանամերձ Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցներից վիրավորվել է քաղաքացի, նրա կյանքին վտանգ չի սպառնում: