Կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է «օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ քանի որ Սուքիասյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սարգսյանի և Կճոյանի հետ՝ ցանկացել է նրանց լավություն անել:
«Ունեցել է հարաբերություն, շփվել է նշված անձանց հետ։ Ինքը ցանկացել է, զուտ մարդկային առումով, հետագայում եթե, անկախ էն հանգամանքից, ով որտեղ աշխատեր, կամ աշխատանքից ազատված լիներ, իրենց որպես նվեր մատուցեր, այսպես կոչված, սյուրպրիզ աներ՝ նրանց անվամբ կա բացված նաև ընկերություն, որ կարող են այդ գումարներից օգտվել», – ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե արդյո՞ք այդ «լավության» գումարներից վարչապետը կամ Նավասարդ Կճոյանը իրականում չեն ստացել, փաստաբանը պատասխանել է, որ նման ապացույց սույն գործում չկա։
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը, ով արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է գործարար Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:
Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում:
Հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում