Անցած գիշեր ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը, հայտնում է ankakh.com-ը։ Կեսգիշերից հետո Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը կայքի թղթակցին հայտնել է, որ մոտ չորս ժամ է՝ ադրբեջանական դիրքապահները ԴՇԿ տեսակի զինատեսակից գնդակոծում են Չինարին:
«Չինարին քանդում են: Գյուղս քանդում են…ԴՇԿ-ն դրած գյուղի ուղղությամբ կրակում են, տների, փողոցների ուղղությամբ: Քիչ առաջ դուրս ենք եկել գյուղապետարանի մոտ, տեսնենք` ինչ ա եղել, վնասների մասին առայժմ չեմ կարող ասել», – նշել է Սամվել Սաղոյանը։ Նրա խոսքով՝ երկու օր էր` հակառակորդը լուռ էր, սակայն երեկվանից գյուղում արտակարգ իրավիճակ է, Չինարին ամբողջությամբ գնդակոծվում է:
Ավելի ուշ ankakh.com-ը թարմացրել է տեղեկությունը՝ նշելով, որ Չինարիի ուղղությամբ կրակոցները շարունակվել են նաև 01։15-ի սահմաններում։
Համայնքի ղեկավարի խոսքով` հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս հակառակորդի կրակահերթերին:
«Մի րոպե տազ չեն անում, չեն լռվում, չգիտեմ` ինչ ա պատահել: Գյուղում բոլոր լույսերն անջատված են: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Նյութական վնասը հայտնի կլինի առավոտյան», – ասել է Սամվել Սաղոյանը: