Վերջին երկու օրերին Քելբաջարում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն կտարածի հաղորդագրության տեսքով։ Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Վերջինս նշել է, որ ինքն արձակուրդում է, սակայն խոստացել է, որ ԼՂՀ ՊՆ-ն կարձագանքի լուրերին պաշտոնական կայքի միջոցով։
Ավելի վաղ Քելբաջարի բնակիչները Epress.am-ին պատմել են, որ երեքշաբթի երկու ադրբեջանցի են նկատել քաղաքում, որոնցից մեկին կարողացել են բռնել ու հանձնել իրավապահներին, իսկ մյուսը փախել է։ Վարդենիսում երեկ խուճապ է տիրել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներ են անցել, բնակիչների շրջանում լուրեր է տարածվել, թե քաղաքի ջուրը թունավորել են։ Պաշտոնական աղբյուրները վերջին երկու օրերին լուրերի առնչությամբ մեկնաբանություն չեն տվել։