«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Նրան կասկածում են մի քանի միլիարդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:
2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Իգոր Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվել է աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքել է Հայաստանը:
«ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ ԱԱԾ-ից չեն հայտնել:
«Փաստաինֆո»-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն նույնիսկ ձերբակալված անձ կա, նա նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում և ներկայում քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:
Նշենք, որ «ԱրմենՏել»-ը հեռահաղորդակցման ոլորտում գործող ռուսաստանյան «Բիլայն» ընկերության դուստրն է։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում