«Հայգազարդ» ընկերության հաշվեկշռին առկա պարտքերը մարվելու են «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը հանձնելով։ Այս մասին այսօր հայտարարվել է կառավարության նիստի ընթացքում։
Նախապատմությունը ներկայացնելով՝ ՀՀ կառավարության կայքը նշում է, որ դեռևս 1998 թվականի 11 ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ:
Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:
Միևնույն ժամանակ անցյալ տարի ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը վաճառված «Որոտանի ՀԷԿՀ» ընկերության հանդեպ «Հայգազարդ»-ի պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով:
Որոշման համաձայն, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ: