Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին 100 օրվա ամենանշանակալի արդյունքն այն է, որ Երևանը մի տեսակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից, հրաժարականի պահանջներից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ դա, իհարկե, կարող է բացատրվել ամռան շոգերով և քաղաքական սեզոնի փակմամբ։
«Կարող է լինել սակայն բոլորովին այլ բացատրություն. պարզապես ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում։ Սրա համար ուներ հիմնավոր պատճառ, նրա և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև տարիների ընթացքում աճող լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանար:
Սա չի նշանակում, իհարկե, թե այդ բողոքները կամ քննարկումները նա ինքն էր կազմակերպում: Սա նշանակում է, որ նա իրենից կախվածն էր անում, որ այդ քննարկումները հնարավորինս լայն քաղաքական արձագանք ստանան: Արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը դարձավ անխուսափելի, որովհետև նրա դեմ միավորվել էին ոչ միայն ոչ իշխանական քառյակի ուժերը, այլ Հովիկ Աբրահամյանը իր խորհրդարանական հենարանով», – գրում է թերթը։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ֆոկուսի, նշանառության տակ ոչինչ չմնաց։
«Առջևում քաղաքական աշունն է, և այդ աշնան ընթացքում միայն կերևա, թե որքանով են սերտաճած ոչ իշխանական քառյակն ու Հովիկ Աբրահամյանը և սերտաճա՞ծ են արդյոք», – եզրափակում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում