Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Որոշման հիմանվորման մեջ, մասնավորապես, նշված է, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը։
Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում:
Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որն անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:
Լուսանկարը՝ hy.wikipedia.org