ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն նվազեցրել են իրենց վճարած հարկերի ծավալները: Ընդհանուր առմամբ, նվազումը կազմում է ավելի քան 7 տոկոս, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այսպես, «Մեգաֆուդ», «Մեգակոնցերն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն» և «Ալյանս տերմինալ» ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 917 մլն դրամի հարկ այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 988 մլն դրամ:
Անցած ամիս ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, թե ՊԵԿ-ը կազմել է տնտեսվարողների «սև ցուցակ», որտեղ ներառված են այն ընկերությունները, որոնք կասկածվում են ստվերային գործունեության մեջ: Սակայն, այդ ցուցակը գաղտնի է պահվում, ուստի դժվար է ասել ՀՀ ֆիննախի կազմում գործող ՊԵԿ-ի տեսանկյունից Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող վերը նշված ընկերությունները կասկածելի՞ են, թե ոչ», – գրում է թերթը: