Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և հիմնարկի շուրջ 20 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։ 20 աշխատակիցներից 7 գտնվում են կալանքի տակ:
Ըստ մեղադրանքի՝ խումբը 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել է Դատական դեպարտամենտին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված 115 միլիոն 782 հազար 33 դրամը։
Այսօրվա նիստը մերկնարկել է շուրջ 40 րոպե ուշացումով ամբաստանյալների և նրանց պաշտպաններից շատերի ուշացման պատճառով։ Առաջին նիստը կարճ է տևել, քանի որ ընթացել են նախապատրաստական աշխատանքներ։ Նախագահող Արշակ Վարդանյանը ճշտել է, որ ամբաստանյալ Միասկ Մարտիրոսյանը հրաժարվում է երեք պաշտպաններից երկուսից և այսուհետ իր պաշտպանությունը վստահում է փաստաբան Արթուր Գրիգորյանին։
Գործում ներգրավվել է նաև երկու նոր պաշտպան․ մեղադրյալներից Գագիկ Մալխասյանի շահերը այսուհետև կպաշտպանի հանրային պաշտպան Արմեն Ավագյանը, իսկ Մերուժան Կյուրեղյանինը՝ Արայիկ Պապիկյանը։ Երկու պաշտպաններն էլ նվազագույնը 20 օր ժամանակ են խնդրել նախագահողից՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Գործը կազմված է 45 հատորից։
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին։