Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով: Ինչպես փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այս մասին Սերժ Սարգսյանն ասել է օգոստոսի 24-ին «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակից երիտասարդների հետ զրույցում։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին, այցելել Ծիծեռնակաբերդ:
«Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել. «Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի»:
Նշենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով, համաձայն պաշտոնական տվյալների, հավաքել է ձայների 51.8 տոկոսը։