Թուրքիայի կրթության ոլորտում նոր սկանդալ է հասունանում 2014 թվականին ներմուծված միասնական քննություններից հետո, որը հանձնում են բոլոր երեխաները միջնակարգ դպրոցից ավագ դպրոց տեղափոխվելու համար։
Համաձայն Թուրքիայի կրթության նախարարության ընդունած օրենքի՝ բոլոր երեխաները, ովքեր քննությանը ցածր գնահատական են ստանում, մեխանիկորեն ընդգրկվում են «իմամ- հաթիփ» տիպի դպրոցներում, որտեղ երեխաները իսլամական կրթություն են ստանում։
Ցածր գնահատական ստացողների թվում եղել են հայերի և ալևիների երեխաներ, որոնց իսլամական դպրոցներում են ընդգրկել, ինչը առաջացրել է նրանց ծնողների դժգոհությունը։ Մի քանի հայ ընտանիքներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում ենթարկվել նոր օրենքին ու իրենց երեխաներին իսլամական դպրոցներ ուղարկել, գրում է Today's Zaman-ը։
Վերջին օրերին թուրքական մամուլի էջերից ձայն բարձրացնող կրոնական և ազգային փոքրամասնությունների համայնքի անդամները նշում են, որ անգամ տեղյակ չեն եղել նախարարության նորամուծության մասին։
Today's Zaman-ն ընդգծում է, որ կառավարությունը հաճախ է քննադատության ենթարկվում կրթական համակարգը քաղաքական իսլամիստական օրակարգի միջոցով վերահսկելու փորձերի համար, որի նպատակն է ձևավորել իսլամական ուղղվածության դպրոցներ, հատկապես՝ ավագ դպրոցներ, սահմանափակելով միջնակարգ դպրոցն ավարտող երեխաների ալընտրանքի հնարավորությունն ու նրանց ստիպելով հաճախել իմամ-հաթիփ դպրոցներ։
Կայքի հետ զրույցում թուրքահայ լրագրող Հայկո Բաղդատը նորամուծության վերաբերյալ լուրջ մտահոգություն է հայտնել։ Նրա խոսքով՝ կառավարությունը մարդկանց պարտադրում է մահմեդականության սուննի տարբերակը․ «Երեխաներին որևէ դպրոց ուղարկելու վերաբերյալ բոլոր որոշումները պետք է ընդունվեն ընտանիքների և իրենց երեխաների կողմից։ Կառավարության նախաձեռնությունն ամբողջովին հակաժողովրդավարական է»։
Էրդողանի՝ «հավատացյալ սերունդներ» դաստիարակելու մասին հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Բաղդատը պատասխանել է․ «Եթե ցանկանում են հավատացյալ երիտասարդություն ունենալ, ապա կառավարությունը պետք է թույլ տա՝ բացվեն ալևիների աղոթատներ (ջեմեվի) ու հունական ուղղափառ ճեմարաններ, որպեսզի երկրի բոլոր համայնքները կարողանան ձևավորել իրենց երեխաներին համաձայն իրենց հավատքի՝ որպես հավասար հնարավորությունների ցուցիչ»։
Հայ-թուրքական «Ակօս» շաբաթաթերթի լրագրող, ծագումով հայ Ֆերդա Բալանսարը նույնպես քննադատել է իսլամիստական դպրոցներում երեխաներին մեխանիկորեն ընդգրկելու նախաձեռնությունը՝ ասելով․ «Ներկայիս իրավիճակը վիրավորական է հայերի համար։ Նման քայլերն ու սխալները անհանգստացնում են հայ համայնքին, որն ունի 50,000-60,000 անդամ։ Կրթական համակարգում նման սխալները պետք է կանխվեն։ Քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները պետք է ակտիվորեն դեմ հանդես գան այս քայլին»։
Այսօր Թուրքիայում օրենքին դեմ են հանդես գալիս ոչ միայն հայ և ալևի ընտանիքները․ որոշ թուրքեր ևս բողոքել են դրա դեմ։ «Թարաֆ» օրաթերթի համաձայն՝ աշակերտներից մեկի ծնողը բողոքել է, որ չնայած՝ իր որդին ստացել էր չափազանց բարձր գնահատական, նրան չէին ընդգրկել իր ընտրած 17 դպրոցներից և ոչ մեկում՝ փոխարենը ուղարկելով իմամ-հաթիփ դպրոց։ «Իմ երեխան չի ուզում սովորել այդ դպրոցում։ Ես սուննի եմ ու Ռամադանին պաս եմ պահում, բայց, միևնույն է, չեմ ցանկանում՝ երեխաս հաճախի այդ դպրոց»։
Today's Zaman-ի հետ զրույցում ալևի մտավորական Ջաֆեր Սոլգունն իմամ-հաթիփ ավագ դպրոցներում հարկադրաբար ընդգրկելու փաստը բնութագրել է որպես անհարգալից վերաբերմունք փոքրամասնությունների ու այն մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք չեն ընդունում մահմեդականության սուննի տարբերակը․ «Չկա ավելի վատ բան, քան խտրական նախաձեռնությունը հասարակության որևէ հատվածի դեմ՝ հիմնված մշակույթի, ինքնության ու ազգության վրա։ Հայ և ալևի երեխաներին ավտոմատ կերպով այս դպրոցներում ընդգրկելն արդեն չափերն անցնել է։ Մեր քաղաքացիներից ոչ մեկն արժանի չէ նման ամբարտավան ու անպատշաճ վերաբերմունքի»։
Խոսելով հավատացյալ սերունդ դաստիարակելու Էրդողանի մտադրության մասին՝ Սոլգունն ընդգծել է, որ պետությունն ու դրա առաջնորդները նման պատասխանատվություն կամ լիազորություն չունեն։
«Այդ մտադրության մասին նման բացահայտ կերպով հայտարարելն ուղիղ հարձակում է նրանց դեմ, ովքեր մահմեդականության սուննի ճյուղի մաս չեն կազմում։ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ու հավատքի ազատություն բոլորի համար՝ նշելով, որ որևէ մեկը պարտավորված չէ հայտարարել՝ ինչ հավատք ունի։ Նոր օրենքը խախտում է այս հիմնարար սկզբունքը», – նշել է ալևի մտավորականը։