ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է, իր այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթն ընդգծում է, որ, ըստ հավաստի լուրերի, Մովսիսյանին պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ: Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեև հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաև այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները:
«168 ժամ»-ի փոխանցմամբ՝ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժե մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը՝ մոտ 1000 ամերիկյան դոլար:
Թերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն առայժմ միայն ծախսեր է անում և շահույթ չի ստացել, ջայլամները դեռևս փոքր են՝ 1 տարեկան 2 ամսական։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում