Home / Հայաստան / Պաշտոնյան հերքում է, թե Սևանը մաքրելու համար նախատեսված սարքը օլիգարխներին է ծառայում

Պաշտոնյան հերքում է, թե Սևանը մաքրելու համար նախատեսված սարքը օլիգարխներին է ծառայում

2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից, սակայն այն իր նպատակին չի ծառայում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի փոխանցմամբ՝ այն օգտագործում են Սևանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն՝ «իրենց բաժին» Սևանը մաքրելու համար․ իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում:

Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը՝ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանի հետ:

«Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան, տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,– ասել է Հովհաննիսյանը։