Ուկրաինան հրաժարվում է արտահանձնել Հայաստանի քաղաքացի Մերաբ Սուսլովին (Ալոյան), ով 2011 թվականին ձերբակալվել է, իսկ 2013-ին դատապարտվել ցմահ ազատազրկման՝ 2009 թվականին «4room» առևտրի կենտրոնում եռակի սպանություն իրականացնելու մեղադրանքով։
ՀՀ արդարադատության նախարարությունը, վկայակոչելով Հայաստանի ոստիկանությանը, արատահանձնումն անցանկալի է անվանում, քանի որ «դատապարտյալի գտնվելը Հայաստանի Հանրապետությունում կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ ու կոնֆլիկտներ հրահրել քրեական տարրերի միջև հարաբերություններում՝ սրելով օպերատիվ իրավիճակը»։ Այս մասին ասված է Սուսլովի հարազատների՝ արտահանձնման մասին դիմումի պատասխանի մեջ։
Սուսլովի կինը՝ Ալլա Կորոլյովան, ով գտնվում է Հայաստանում, Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու շաբաթ ատաջ ամուսինը կրկին տեղափոխվել է պատժախուց, որտեղ էլ հացադուլ է հայտարարել։ Նրա խոսքով՝ Բերդիչևյան ՔԿՀ-ի ղեկավարությունը ճնշում է գործադրում Սուսլովի վրա, ով կալանավայրի դեմ երկու հայցի քննություն արդեն հաղթել է ու երրորդն է ներկայացրել։
«Ղեկավարությունն անընդհատ հրահրում է Մերաբին՝ խցակիցների միջոցով․ նրա խուց ռեցիդիվիստներ են բերում, որոնք փորձում են նրան ստիպել հետ վերցնել հայցը, որում Մերաբը մատնանշում է ամբողջ համակարգի կոպտագույն խախտումները՝ սկսած կալանավայրից»,- ասել է Կորոլյովան՝ հավելելով, որ ՔԿՀ-ի տված բնութագիրը ևս կարևոր դեր ունի հայրենիքին արտահանձնելու հարցում։
Կինը նաև հայտնել է, որ Սուսլովին հրաժարվում են բժշկական օգնություն ցուցաբերել․ «Մոր մահից հետո նա սրտի կաթված է տարել, ու արդեն հինգերորդ ամիսն՝ մեզ չեն թույլատրում բժշկական հետազոտություն իրականացնել։ Բացի դա, նրա մոտ ողնաշարի կրկնակի ճողվածք է ախտորոշվել։ Իսկ կալանավայրի բժիշկը միայն գալիս է, ճնշումը չափում․ Ուկրաինայի օրենքները, սակայն, թույլատրում են՝ կալավորին օգնություն ցուցաբերեն հարազատների կողմից վճարվող բժիշկներ։ Մեզ այդ հարցում ևս մերժում են, ու միևնույն ժամանակ, մեզ՝ նրա առողջ լինելու վերաբերյալ բժշկական եզրակացություն չեն տրամադրում»։
Ավելի վաղ ուկրաինական բանտում գտնվող հայաստանցու առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը՝ նշելով․ «Խոշտանգումների դեմ Եվրոպական կոմիտեն ընդունել է այն փաստը, որ Ուկրաինայի բանտերում գտնվելը հավասարազոր է խոշտանգումների։ Եթե համարենք, որ Մերաբը առողջական լուրջ պրոբլեմներ ունի, նաև ճնշումների է ենթարկվում վարչակազմի կողմից, մեր իշխանությունները, հասկանալով Ուկրաինայի ներկայիս իրավիճակը, պարտավոր են անել ամեն ինչ՝ իրենց քաղաքացու հետագա ճակատագրով լրջորեն զբաղվելու ուղղությամբ»։
Դանիելյանը նաև խոսել էր ՀՀ իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքի մասին․ «Մեր իշխանության անողնաշարությունը երևում է ամեն տեղ, այդ թվում՝ այստեղ։ Եթե իշխանությունը չի մտածում իր քաղաքացու մասին՝ ուրեմն այդ իշխանությունը վատն է։ Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ ՀՀ իշխանության որոշ օղակներ կապնված են Մերաբի բիզնեսը խլելու գործընթացին»։
Մոտ մեկ ամիս առաջ Սուսլովի գործը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հայաստանի քաղաքացիներ Դավիթ Բատիկյանն ու Մերաբ Սուսլովը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին 4Room առևտրի կենտրոնի համասեփականատեր Շաբաբ Ալոյանի ու նրա անվտանգությունն ապահովող ոստիկանության երկու աշխատակիցների սպանության մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով՝ հանցագործության պատվիրատուն եղել է Մերաբ Սուսլովը, ով որոշել է սպանել Շաբաբ Ալոյանին՝ վերջինիս՝ 4Room-ի բաժնետոմսերին տիրանալու նպատակով, իսկ սպանությունն իրականացրել է Դավիթ Բատիկյանը։ Մարդասպաններից մյուսը՝ Արա Հովհաննիսյանը, մահացել է ոստիկանության աշխատակցի հետ փոխհրաձգության ժամանակ։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին Կիևի Սվյատոշինսկի շրջանային դատարանը հանցագործներին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ 2013 թվականի ապրիլի 22-ին Կիևի Վերաքննիչ դատարանը վճիռն ուժի մեջ է թողել։
Դատական նիստի ընթացքի մասին մանրամասներ է ներկայացրել «Կոմերսանտ-Ուկրաինա»-ի թղթակիցը։ Նիստի հենց սկզբում Մերաբ Սուսլովը դատարանի կազմին բացարկ է հայտնել։
«Ես տեսնում եմ, որ իմ հանդեպ վերաբերմունքը կանխակալ է»,- պարզաբանել է նա։ Մինչ դատավորները խորհրդակցում էին, դատարանի դահլիճում վեճ է բռնկվել ամբաստանյալի և Շաբաբ Ալոյանի ու մահացած ոստիկանների հարազատների միջև։ «Որդիս քո պատճառով է մահացել, սրիկա»,- բղավել է ոստիկաններից մեկի մայրը։ «Ես մեղավոր չեմ»,- անվրդով պատասխանել է Սուսլովը, որից հետո Ալոյանի ընտանիքի անդամներին անվանել է «չուրկաներ», որոնք «գրպանում անգամ երկու հարյուր դոլար չունեն»։
«Այ դու բոմժ։ Դու ես Շաբաբին վերացրել, բորենի, թմրամոլ»,- ի պատասխան բղավել են նրանք։ Իր բաժինն է ստացել նաև Սուսլովի փաստաբանը՝ Արկադի Բուշչենկոն․ «Սֆաթդ փակի, նստել՝ բերանդ ես բացել»։ Պարոն Բուշչենկոն ոստիկանություն է կանչել ու հայտարարել, որ «իր կյանքին սպառնում են հենց դատարանի դահլիճում»։ Վեճը դադարեցվել է միայն դատավորների վերադառնալուց հետո, որոնք հայտարարել են, որ ամբաստանյալի միջնորդությունը մերժվել է։
Այնուհետև կողմերը, վերջապես, ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ «Ես դատարանին խնդրում եմ այս գործում վերջակետ դնել։ 2009 թվականին բերման ենթարկվելուց հետո բոլոր ցուցմունքները տվել եմ հետաքննության կողմից խոշտանգումների ու ճնշման տակ»,- հայտարարել է Դավիթ Բատիկյանն ու երկիմաստ հավելել, որ «հակառակ դեպքում, ապագայում դա կարող է դատավորների համար որոշակի հետևանքներ ունենալ»։
«Սա պատվիրված գործ է, Ալոյաններն ուզում են ինձնից խլել բիզնեսս, Շաբաբն իմ վստահված անձն էր, նա մեծ թվով ժառանգներ ուներ, ինչի՞ս էր պետք նրան սպանելը։ Իրական մարդասպաններն ազատության մեջ են»,- հայտարարել է Մերաբ Սուսլովը՝ հավելելով, որ Գերագույն դատարանը «պաշտպանում է Ալոյանի ընտանիքի շահերը»։
Դատարանը վճիռն ուժի մեջ է թողել։ «Այս ի՞նչ երկիր է։ Ցավում եմ, որ դուք ստիպված եք այստեղ ապրել»,- վրդովված հայտարարել է Սուսլովը։ «Անիծվես դու։ Սատկես դու»,- բղավել է սպանվածների հարազատներից մեկը։ Արկադի Բուշչենկոն, սակայն, հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Այնտեղ մենք հաստատ կհաղթենք, իսկ դա մեզ հնարավորություն կտա վճիռը վերանայել նաև այստեղ»,- նշել է նա։