Home / Հայաստան / «Սևանի իշխան»-ին լճի մոտ հողամաս են տրամադրել․ ԶԼՄ-ն բիզնեսը կապում էր Սերժ Սարգսյանի անվան հետ

«Սևանի իշխան»-ին լճի մոտ հողամաս են տրամադրել․ ԶԼՄ-ն բիզնեսը կապում էր Սերժ Սարգսյանի անվան հետ

Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխան» ընկերությանն առանց մրցույթի 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 180 հեկտար հողամաս: Այս որոշումը մեկնաբանելով՝ Ecolur.org կայքը գրում է, որ ընկերությանը հանձնված հողամասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում։ Այս տարածքում կառուցվելու է ցանցավանդակներում բուծված իշխանի վերամշակման գործարան, որտեղ իրականացվելու է ձկան մաքրում, պաղեցում, խորը սառեցում, ծխեցում, ֆիլեավորում և պահածոյացում։

«Էկոլուրը» նշում է, որ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է մինչև 2023թ-ը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով բուծել 50 հազար տոննա ձուկ, որի ընդամենը 1,5 տոկոսը բաց կթողնվի Սևանա լիճ:

Հիշեցնենք, որ անկախ մասնագետները բազմիցս ահազանգել են, որ ցանցավանդակային եղանակով ձկնարտադրության այս ծրագիրը կործանարար նշանակություն կունենա՝ լճի էկոհամակարգի փոփոխության և քաղցրահամ ջրի որակական անդառնալի փոփոխությունների առումով։

Այս տարվա մարտին «Ժողովուրդ» օրաթերթը ձկանբուծական բիզնեսի հետ էր կապել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը՝ նշելով, որ Սևանի ձկնաբուծության ծրագիրը գտնվում է Սարգսյանի անձնական վերահսկողության տակ։