Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներ զրկված են ոռոգման ջրից, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Երեկ այս խնդրով առաջինը հրապարակավ դժգոհեցին Այգեստան համայնքի բնակիչները։ Բանն այն է, որ ամառվա այս տապին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեն, սակայն ջուր չկա։ Նրանց հեկտարներով հողատարածքները չորանում են»,- նշում է թերթը։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Այգեստանի ղեկավար Սոկրատ Հովսեփյանի հետ․ «Պետք է Մխչյանի ջրատարով վեց պոմպ միանար, որպեսզի Վերին Արտաշատի ջրատարը ջուր լցվեր և այդ դաշտերը ոռոգվեն, սակայն չեն հասցրել դա անել, ինչի պատճառով այս պատկերն է առաջացել»։
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը աշխատանքից ազատվել է այս և նմանատիպ այլ խնդիրների պատճառով։ Նշենք, որ այդ պաշտոնում երեկ նշանակվել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։