ՆԱՏՕ-ի անդամ երկրները կշարունակեն սատարել գործընկերների՝ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքը՝ ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից։ Այս մասին ասված է երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի Հարավային Կովկասի երկրներին և Մոլդովային վերաբերող հատվածում։
«Դաշնակիցները նաև նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցությանը։ Այս համատեքստում, մենք կշարունակենք ջանքեր գործադրել Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելնսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա»,- մասնավորաբար, ասված է ՆԱՏՕ-ի փաստաթղթի մեջ։
Հռչակագրի մեջ նշվում է նաև, որ «այս ձգձգվող հակամարտությունների առկայությունը շարունակում է հատկապես մտահոգիչ խնդիր մնալ՝ խափանելով տարածաշրջանի բնակիչների՝ որպես եվրաատլանտյան համայնքի անդամ իրենց լիարժեք ներուժը բացահայտելու հնարավորությունները»:
ՆԱՏՕ-ն հակամարտության կողմերին կոչ է անում կառուցողական կերպով և ուժեղացված քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին՝ բանակցությունների սահմանված շրջանակներում։