«Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը», «Stop ezidis genocide in Sinjar» պաստառներով հոկտեմբերի 11-ին «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության ջահերով երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:
«Մենք պահանջում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ ուժերը, միջազգային կազմակերպությունները, հայկական սփյուռքը, նաև հայ մտավորականությունը, բոլոր գերտերություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն այս խնդրի վերաբերյալ, որպեսզի կանխեն ցեղասպանությունը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ըստ հավաքվածների՝ նրանք եկել են դատապարտելու ոչ միայն ծայրահեղական մահմեդական խմբավորումների կողմից Իրաքում իրականացվող եզդիների հանդեպ բռնությունները, այլև ցեղասպանություն երևույթն ընդհանրապես։
«Եթե 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությունը դատապարտվեր, այսօր՝ 2014 թվականին, մեր աչքի առջև չէր լինի նոր ցեղասպանություն, այս դարում, երբ մենք խոսում ենք մարդու իրավունքներից և ժողովրդավարություն կառուցելու մասին», – համոզմունք է հայտնել երթի մասնակիցը։
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի