Home / Հայաստան / Ինչպե՞ս է անհետացել կալանավորը․ դիտորդներն ակնկալում են ոստիկանության պատասխանը

Ինչպե՞ս է անհետացել կալանավորը․ դիտորդներն ակնկալում են ոստիկանության պատասխանը

Համաձայն պաշտոնական փաստաթղթերի, քաղաքացի Հեղինե Հարթենյանն այս տարվա փետրվարի 23-ին ժամը 17։00-ին Երևանի ՁՊՎ-ից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ, սակայն ՔԿՀ-ի գրանցամատյաններում նրա անունը չկա։ Այս մասին ահազանգում է ՀՀ ոստիկանության ՁՊՎ-եներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը։

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը, իրենք Հարթենյանի անհետանալը հայտնաբերել են ՁՊՎ կատարած այցելությունների և գրանցամատյաններն ուսումնասիրելու արդյունքում։ Այն, որ «Աբովյան» ՔԿՀ-ում նման մարդ չկա, օգնել է պարզել ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող Դիտորդական խումբը։

Սահակյանի ղեկավարած կազմակերպությունը ՀՀ ոստիկանությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից պաշտոնական պարզաբանումներ է պահանջել։

ՀՀ ոստիկանության կողմից այս տարվա օգոստոսի 21-ին ստացված գրության 11-րդ կետում նշված է եղել, որ Հ. Հարթենյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից սեպտեմբերի 8-ի գրության մեջ նշված է, որ «Հեղինե Հայկազի Հարթենյանը ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում»:

Փաստորեն, պաշտոնական գերատեսչությունների գրություններն ապացուցել են ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի բացահայտումը։

«Արդյունքում` անձը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ և ճանապարհին անհետացել է: Կարծում ենք, որ ոստիկանությունը կուսումնասիրի ներկայացված փաստերը և հասարակությանը կտա պարզաբանում տվյալ դեպքի կապակցությամբ», – նշված է Դիտորդական խմբի պաշտոնական հայտարարության մեջ: