Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նրա բացակայությունն ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ՝ Արմեն Լաբլաջյանի ձերբակալության հետ:
Թերթի տեղեկություններով՝ բնապահպանության նախկին նախարարը Լաբլաջյանի ձերբակալվելուց հետո 72 ժամ սպասել է, որպեսզի տեսնի նրան կկալանավորեն, թե ոչ: Ու երբ տեսել է, որ ամեն ինչ լուրջ է և իր վարորդի եղբայրը երկամսյա նախնական կալանքի է դատապարտվել, անմիջապես մեկնել է երկրից՝ մինչև հասցնի իր հարցերը կարգավորել:
«Նախարարության «ռեկետ գրուպա»-ի ղեկավար Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի հավատարիմ աշխատակիցը, ում ձերբակալությունից հետո նա իր մտերիմ շրջապատում ասել է, թե «պետք է այնպես անենք, որ Լաբլաջյանը հույսը չկորցնի, որ օգնելու ենք»: Այսինքն՝ հույս ունենա, որ ճաղերի հետևից դուրս կգա շուտով, որպեսզի Հարությունյանը երկար-բարակ տեղեկություններ չհաղորդի իրավապահներին», –գրում է թերթը։