Վերաքննիչ դատարանը մերժել է քաղբանտարկյալ, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը՝ վճռելով, որ դատապարտյալը պետք է շարունակի կրել պատիժը։
Այսօր Վերաքննիչ դատարանը Կարինե Ղազարյանի նախագահությամբ 40 րոպե ուշացումով է սկսել Վոլոդյա Ավետիսյանի բողոքի լսումը։ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Լևոն Ավետիսյանի նախագահությամբ խարդախության և խարդախության փորձի մեջ մեղավոր է ճանաչել Ավետիսյանին և նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման: Համաձայն մեղադրականի, Ավետիսյանը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Վերաքննիչ դատարանը որոշել է գործը քննել վճռաբեկության կարգով։
Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը վերաքննիչ բողոքում 3 պահանջ է ներկայացրել՝ բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն ու այն ուղարկել մեկ այլ՝ ոչ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, կամ վճիռը բեկանել ու արդարացնել Ավետիսյանին, կամ չբեկանելու դեպքում պատիժը մեղմացնել, որպեսզի Ավետիսյանի նկատմամբ հնարավոր լինի համաներում կիրառել։
Փաստաբանը բողոքում նաև մի շարք ապօրինությունների մասին է բարձրաձայնել։ Նա, մասնավորապես, նշել է, որ վկայի կարգավիճակով հարցաքննված անձը՝ Հենրիխ Հարոյանը, փաստացի կասկածյալի վիճակում է, նրան չեն տեղեկացրել իր իրավունքների մասին, բացի դա, նա գիշերը պահվել է Ռազմական ոստիկանությունում, ինչը Արա Զաքարյանը որպես ճնշում է որակել։
Փաստաբանը նաև 4 միջնորդություն է ներկայացրել, մասնավորապես, պահանջելով հարցաքննության կանչել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, գործը քննած քննիչին, ինչպես նաև պահանջել է ԱԱԾ֊ի բացատրությունը, թե ինչ հիմքով են հետևել Ավետիսյանին և լսել նրա հեռախոսազանգերը։
Մեղադրանքը ներկայացնող դատախազ Վարդան Պապիկյանը պնդել է, թե Հարոյանը ռազմական ոստիկանությունում պահվել է այն պատճառով, որ Երևանում գիշերելու տեղ չի ունեցել, ինչին ի պատասխան դահլիճում ներկա «Նախախորհրդարան» շարժման անդամ Գագիկ Սարուխանյանը տեղից հակադարձել է․ «Ռազմական ոստիկանությունը հյուրանո՞ց ա, որ պահում եք»։
Դատավորը Սարուխանյանից պահանջել է լքել դահլիճը։
«Դահլիճից դուրս գանք, Հայաստանից դուրս գանք», ֊ ասել է Սարուխանյանը։
Դատախազն, իր հերթին, պահանջել է բոլոր միջնորդությունները մերժել։ Դատարանն այդպես էլ արել է, ապա հեռացել խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի կողմից սահմանած պատիժը։
Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։ Ավետիսյանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հարց ուղղելով Օհանյանին՝ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին խարդախության մեղադրանքով ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Օհանյանն իր պատասխանում ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել առ այն, որ ինքը ճշտումներ կկատարի «հանրապետության ղեկավարության մոտ», բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին և շարունակելով բողոքի ակցիաները։
«Արդյունքում նրանք նորից շարունակել են իրենց գործընթացը։ Ինչևէ, որևէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա», – հայտարարել է Օհանյանը։