«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն «ԱԺ բարձրաստիճան այրերը ԶԼՄ-ներից են տեղեկանում ԵՏՄ-ին ինտեգրացվելու հետևանքների վերաբերյալ» վերնագրով հոդված է տարածել, որում ներկայացվում է ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հարցման արդյունքները։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Հայաստանում տարբեր բարձրաստիճան այրեր պարբերաբար հայտարարություններ են անում Եվրասիական Տնտեսական Միությանը մեր երկրի ինտեգրացիայի հետևանքների վերաբերյալ: Այդ թվում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և այլոք:
Ինչպես հայտնի է, գործադիր իշխանությունը գաղտնի է պահում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծն ու դրա հավելվածները: Ու քանի որ թվարկված այրերի հայտարարություններից կարելի է մտածել, որ իրենք կարդացել են այդ «գաղտնի» փաստաթուղթը, մենք որոշեցիք պարզել, թե որտեղի՞ց են ԱԺ իշխանական պատգամավորները քաղում իրենց տեղեկություները:
Պետության 2-րդ անձը տեղյակ չի
Այսպիսով, Գալուստ Սահակյանն ու Վահրամ Բաղդասարյանը, շրջանցելով պատասխանել մեր գրավոր հարցմանն առ այն, արդյոք իրենք ծանոթացել են պայմանագրի նախագծի տեքստին, նշում են, որ Ազգային Ժողովը դեռ չի ստացել պայմանագրի նախագիծը, ինչից կարելի է ենթադրել, որ իրենք այն չեն ընթերցել: Այստեղ տրամաբանությունը պարզ է. եթե կարդացած լինեին` կասեին «կարդացել ենք» և չեն խուսափի պատասխանից, ասելով, որ «ԱԺ-ն չի ստացել»:
Սա առավել ուշագրավ է նրանով, որ Ազգային Ժողովի նախագահը դե-յուրե պետության երկրորդ մարդն է… Ով, փաստորեն, անտեղյակ է այսպիսի կարևորագույն գործընթացից, ինչպիսին է Հայաստանի ինտեգրացումը Եվրասիական Միությանը:
Այլ պաշտոնյաների ելույթներից
Իսկ ահա ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը պայմանագրի նախագծից տեղյակ է, սակայն, գտնվելով բավականին ազնիվ, ընդունում է, որ տեղյակ է տարբեր պաշտոնյաների ելույթներից, հայտարարություններից ու հարցազրույցներից: Այլ կերպ ասած, պարոն Մելիքյանը տեղյակ է նույնքանով, որքանով որ ԶԼՄ-ներով հարցին հետևող յուրաքանչուր ոք:
Թեև, եթե հաշվի առնենք, որ Գագիկ Մելիքյանն էլ է հարցի շուրջ հայտարարություններ անում ու հարցազրույցներ տալիս, կստացվի, որ մեկ այլ պաշտոնյա էլ կարող է պարոն Մելիքյանի վրա հղում տալով ասել, որ տեղյակ է… Այսինքն, կստացվի մի փակ շղթա, որում պայմանագիրը չտեսած մարդիկ իրար վրա հղում տալով հանրությանը ներկայացնելու են տեղեկություններ` կապված այդ պայմանագրի ստորագրման հետևանքների հետ:
«Ունեմ, բայց չեմ ասի, թե որտեղի՞ց»
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, սակայն, պնդում է, որ ծանոթ է պայմանագրի նախագծին, սակայն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները կտրականապես հրաժարվում է հայտնել, թե որտեղից է նա «ճարել» այդ գաղտնի պահվող նախագիծը:
Հարցի շուրջ զրուցեցինք նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանի հետ, ով ասաց, որ «հանձնաժողովի անդամներից որևէ մեկը այդ նախագիծը չունի»: … Այստեղ չբացառենք, որ Արտակ Զաքարյանը, հանարավոր է, Գագիկ Մելիքյանի պես այդ պայամանգրի մասին գիտի ԶԼՄ-ներից, սակայն չի ցանկանում դա ընդունել:
Ի վերջո, ո՞վ է տեղյակ
Անշուշտ, գործադիր իշխանությունում կան անձինք, ովքեր տիրապետում են Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծին: Այդ անձանց թվին են պատկանում վարչապետը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև այդ կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցնող այլ անձինք:
Սակայն ստեղծվել է մի զավեշտալի իրավիճակ, երբ Ազգային Ժողովում հանգուցային պաշտոններ զբաղեցնող անձինք հանրությանը ներկայացնում են տեղեկություններ` կապված ԵՏՄ-ին մեր երկրի ինտեգրացիայի հետ` չտիրապետելով այդ տեղեկություններին:
Պատգամավորներին ուղարկված հարցումներն ու դրանց պատասխանները կգտնեք այստեղ»: