Home / Տեսանյութեր / Ոստիկաններ vs ինքնասպանություն․ նոր նախաձեռնություն Երևանում

Ոստիկաններ vs ինքնասպանություն․ նոր նախաձեռնություն Երևանում

Արդեն մի շաբաթ է՝ Երևանի ամենաբարձր կամուրջների վրա հերթապահում են ոստիկաններ։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում ինքնասպանության փորձերի կանխարգելումը։ Խոսքը ինքնասպանների շրջանում ամենատարածված՝ Հրազդան գետի վրայով անցնող կամուրջների մասին է՝ Հրազդանի մեծ կամուրջ, որը հայտնի է նաև Կիևյան անունով՝ 60 մետր բարձրություն, Դավթաշենի կամուրջ՝ 92 մետր, Կոնյակի գործարանի մոտակայքում գտնվող Հաղթանակի կամուրջ՝ 34 մետր։

07

Իրավապահները ղեկավարության նոր նախաձեռնությունից դժգոհ են ու համաձայնեցին անանունության պայմանով խոսել լրագրողների հետ՝ հույս ունենալով, որ իրենց կազատեն այդ առաքելությունից։ «Առանց էդ էլ օր ու գիշեր փողոցում ենք անցկացնում, իսկ հիմա արևից փրկվելու տեղ էլ չկա»,֊ բողոքեց ձեռնաշղթաներն ու մահակը գոտկատեղին ամրացրած ոստիկանը։

01

08

Նրա խոսքով՝ ղեկավարությունը զգուշացրել է, որ ամեն չկանխված ինքնասպանության համար իրենց նկատողություն կանեն, կկրճատեն աշխատավարձերն ու կզրկեն պարգևատրումներից․ «Մի քանի օր առաջ մեկ այլ կամրջի վրա գրանցված միջադեպի առիթով հետաքննություն սկսեցին, ու պարեկին նկատողություն կամ խիստ նկատողություն ա սպառնում։ Բայց փրկելու համար որևէ պարգևատրություն չի ենթադրվում»։

02

«Եթե պարգևատրություններ լինեն, կկարողանաք ամեն հերթափոխի համար մի քանի «փրկության» դեպքեր ներկայացնել»,֊ նկատեցի ես։

«Դա անհնար ա։ Առաջինը՝ մենք մեզ թույլ չենք տա, երկրորդը՝ նրանք մեզ վերահսկում են՝ էստեղ ու ամբողջ քաղաքում տեսախցիկներ են տեղադրված։ Մեզ նույնիսկ ավելի ուշադիր են հետևում, քան հասարակ քաղաքացիներին»,֊ պատասխանեց նա։

06

03

Զրույցին միջամտեց մեկ այլ ոստիկան, որը դժգոհ էր ղեկավարության՝ ինքնասպաններին ուշադրության կենտրոնում պահելու պատճառից․ «Ասում են՝ անցած շաբաթ նախագահը գնում էր հարսանիք, որը պետք ա կայանար ձորի «Ֆլորենս» ռեստորանում, երբ կամրջից մարդ գցվեց, ու դիակը փակեց շքախմբի ճանապարհը։ Ստիպված եղան փոխել ճանապարհը։ Հենց էդ ժամանակ էլ որոշեցին պարեկներ տեղադրել բոլոր կամուրջների վրա։ Ոնց֊որ մինչև էդ ամեն ինչ լավ էր»։

Նա նաև նշեց, որ իրենց մինչ օրս չեն բացատրել, թե ինչ հատկանիշներով պետք է պարզել՝ որոնք են ինքնասպանները․ «Եթե մարդ ուզում ա ինքնասպան լինի, նրան ոչ մեկ չի կարա խանգարի։ Նրանց կամրջի վրա չի, որ պետք ա բռնել։ Ես չեմ կարա յուրաքանչյուրի գլխի մեջ տեսախցիկ դնեմ։ Ի՞նչ ա՝ պետք ա վազե՞մ բոլոր տարօրինակ թվացողների հետևից։ Քաղաքի կեսը նամռոտ ռոժով ա քայլում, չթողնե՞մ կամրջի վրա։ Հենա, դու էլ ես նամռոտ։ Ընդհանրապես լրագրողի նման չես»։
 

05

Epress.am֊ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը նշել է, որ իրենք ինքնասպանությունները կանխելու դեմ հատուկ ծառայություն չունեն։ Համաձայն Մալխասյանի, պարեկային խմբերը երթուղիներ ունեն, և ոստիկանության ծառայողները օրվա ընթացքում կարող են հայտնվել նաև կամուրջների վրա։

Յուրի Մ․