հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ինչու սփյուռքահայերը չեն բարձրացնում Հայաստանում մարդու իրավունքների խնդիրը

Ինչու սփյուռքահայերը չեն բարձրացնում Հայաստանում մարդու իրավունքների խնդիրը

«Հետաքրքիր է՝ արդյոք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը Հայաստան֊Սփյուռք համաժողովի օրակարգում կա՞ն»։ Այս հարցադրումն այսօր տեսա իրավապաշտպան Լարա Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում։ Հարցի պատասխանն ինձ հայտնի էր․ օրակարգում նշված հարցերը չկային, իսկ քննարկման հիմնական թեման Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացն է, Հայոց Ցեղասպանության 100֊ամյակի միջոցառումներին նախապատրաստվելը, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրը։

Մտածեցի՝ արդյոք Լարային հուզող հարցը չի առաջացել նաև այն սփյուռքահայերի մոտ, ովքեր եկել էին համաժողովին մասնակցելու։

Երեկ սփյուռքահայ հյուրերը հավաքվել էին ԱԺ֊ի կից այգում, և ես առիթ ունեցա այդ հարցն ուղղել նրանցից մի քանիսին։

Մինչ միջոցառման պաշտոնական մեկնարկը Երևանի թերևս ամենախնամված այգում, որը, ի դեպ, փակ է երևանցիների համար, հյուրերը լուսանկարվում էին միմյանց հետ և հայրենիքի օրենսդրի ֆոնին։ Դա ազդարարվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթով։ Սահակյանին լսող 600 սփյուռքահայերի լուրջ դեմքերից ակնհայտ էր, որ ծանոթ չեն ՀՀԿ֊ականի հումորային ոճին։

Հասցրեցի զրուցել տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ։ Առաջին զրուցակիցս Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի գրասենյակից Անահիտ Խալաթյանն էր։ Նա ասաց՝ բնական է, որ թեման Ցեղասպանության 100֊ամյակն է, քանի որ այդ հարցն ավելի շատ Սփյուռքին է վերաբերում, և իրենք եկել են նախարարուհի Հրանուշ Հակոբյանից ցուցումներ ստանալու ապրիլի 24֊ի միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար։

Իտալիայի Հայոց միության նախագահ Պայքար Սիվազլյանին ևս հարցրեցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք սատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը, և ստացա հետևյալ պատասխանը․ «Չկարծեք, որ Սփյուռքից եկածներից շատերը ավելի լավ պայմաններով երկրներից են եկել»։

«Հավանաբար, Սիրիան նկատի ունե՞ք»,֊ հարցրեցի։

«Ոչ միայն, Եվրոպայում ևս ընտիր վիճակ չէ։ 23 տարվա անկախություն ունենալու համար չեմ կարծում, որ այդքան ծանր հարցեր կան Հայաստանում։ Բայց եթե ինչ֊որ հարցրեր կան էլ, մեզ պետք է Հայաստանի քաղաքացիները բացատրեն»,֊ ասաց Սիվազլյանը։

Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչ Մարո Քեշիշյանը դժգոհեց, որ Հայաստանի կառավարությունը Սփյուռքին կթու կովի տեղ է դրել։

«Մեզ թույլ չեն տա միջամտել։ Ասում են՝ սա երկիր է, մենք մեր քաղաքացիների հետ խնդիր չունենք։ Պետություն է, թողեք մեր ձևով անենք։ Երբ երիտասարդ կինը՝ Զարուհին, ընտանեկան բռնության զոհ դարձավ, մենք նամակներ գրեցինք, սակայն մեր ձայնը տեղ չհասավ։ Պետք է հենց Հայաստանում ապրող քաղաքացիները կառուցեն այս երկիրը։ Գնան դուրս, սովորեն, և գան երկիրը կառուցեն»,֊ ասել է Քեշիշյանը։

Իմ հաջորդ զրուցակիցը՝ Տաիս Կարամեկյանը, «իրավապաշտպանություն» բառից վրդովվեց և ասաց՝ «իրավապաշտպանները նույնիսկ հանցագործների են պաշտպանում»։

Պաշտոնական հանդիպումը ավարտվեց բոլոր 600 հյուրերի, Հրանուշ Հակոբյանի և Գալուստ Սահակյանի խմբակային լուսանկարով։

Քնար Խուդոյան