Վրաստանի խորհրդարանը խստացնում է հղիության ապօրինի ընդհատումների համար քրեական պատասխանատվությունը։ Վրաստանում ապօրինի աբորտների պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի, սակայն փորձագետները կարծում են, որ դրանք երեք անգամ գերազանցում են օրինական աբորտների թիվը։
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010 թվականին իրականացվել է 26 000 օրինական հղիության ընդհատում, ու ծնվել է 63 000 երեխա։ 2011 թվականի տվյալներով՝ իրականացվել է 31 000 օրինական հղիության ընդհատում, ծնվել է 58 000 երեխա։ 2012 թվական՝ 39 000 աբորտ, 57 000 երեխա։ 2013 թվական՝ 37 000 աբորտ, 57 000 երեխա։ Եթե պաշտոնական աբորտներին գումարել ապօրինի աբորտները, կստացվի, որ Վրաստանում միջինն ամեն երկրորդ հղիություն դատապարտված է ընդհատման»,֊ գրում է Georgia Online կայքը՝ հղում կատարելով «Ռեզոնանսի» թերթին։
Վրաստանի Առողջապահության ու սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Դմիտրի Խունդիձեն խորհրդարանի նիստին հայտարարել է, որ Վրաստանում օրական իրականացվում է 100 հղիության ընդհատում, ու սա միայն պաշտոնապես գրանցված թիվն է․ առկա են նաև չգրանցված ու ապօրինի աբորտների դեպքեր։ Նոր օրինագիծը նախատեսում է հղիության ապօրինի ընդհատումների համար քրեական պատասխանատվության խստացում։ Փոփոխությունների համաձայն՝ ապօրինի աբորտը կպատժվի 120֊ից 300 ժամ հասարակական աշխատանքով, կամ 1֊ից 2 տարի ազատազրկմամբ, օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 2֊ից 4 տարի ազատազրկմամբ ու գործունեություն ծավալելու 3 տարվա արգելքով։
Նշենք, որ Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նոր նախագծով Հայաստանում բժիշկներն իրավունք չեն ունենա հղի կանանց հայտնել երեխայի սեռը մինչև պտղի 30 շաբաթը լրանալը։ Նոր օրինագծի պատճառը երեխայի սեռով պայմանավորված աբորտներն են։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1993 թվականից ի վեր Հայաստանում մոտ 50.000 տղա երեխա ավել է ծնվել, քան՝ աղջիկ։ Ըստ կանխատեսումների՝ եթե սելեկտիվ աբորտները շարունակվեն նույնքան հաճախ կիրառվել, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի մոտ 100.000 աղջիկ։