ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երևանի պետական համալսարան` դասի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, և, չնայած ԵՊՀ մուտք գործելու համար թիկնապահ երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն նրանք Բաբայանի դստերն ուղեկցում են լսարան և ֆակուլտետի միջանցքում սպասում:
Թերթն ընդգծում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը հայտնվել է Բաբայանի թիկնապահների թիրախում:
«Հրապարակ»֊ի փոխանցմամբ՝ թիկնապահները ծաղրել են դասախոսին, նրան «ապեր»-ով դիմել, վերջինս նկատողություն է արել նրանց, և վիճաբանություն է սկսվել:
«Աղմուկի վրա դուրս է եկել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը` Գեղամ Պետրոսյանը: Բանը նույնիսկ հասել է հրմշտոցի: Մոտեցել են նաև համալսարանի պահակակետի աշխատողները, բայց, տեսնելով Էդոյի ախրաննիկներին, անցել են նրանց կողմը», ֊ գրում է թերթը:
«Հրապարակ»֊ի հետ զրույցում Ալեքսանդր Սաֆարյանը չի հերքել միջադեպի մասին լուրը՝ նկատելով, որ տեղեկություններն ուռճացված են։
Նա նշել է, որ ինքն ամեն օր էլ միջանցքներում տարբեր մարդկանց նկատողություն է անում, նրանք ներողություն են խնդրում և հեռանում են, և նույնը տեղի է ունեցել նշված դեպքում։
Թերթը նկատում է, որ Ալեքսանդր Սաֆարյանը ԲՀԿ֊ական Արամ Սաֆարյանի հարազատ եղբայրն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում