ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ ինքն է առաջարկել Սուրիկ Խաչատրյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Այդ հայտարարությունն Աբրահամյանն արել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո: Աբրահամյանը դա ժպիտով ասաց, իսկ ԱԺ դահլիճից ծիծաղ լսվեց:
«Ես դա արել եմ՝ հաշվի առնելով տարածքային կառավարման մարմիններում իր փորձը և սյունեցիների առաջարկը: Այո, կան հակասական կարծիքներ Սուրեն Խաչատրյանի մասին: Բայց մեր ուսումնասիրություների արդյունքում՝ սյունեցիների մեծ մասը ցանկացել է Խաչատրյանին տեսնել մարզպետի պաշտոնում»,- վստահեցրել է Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանը ընթերցել է Խաչատրյանի կենսագրությունը և վարչապետից հետաքրքրվել՝ արդյո՞ք նման կենսագրություն ունեցող անձը կարող է աշխատել կառավարությունում։
«Երեք անգամ տարբեր պատժաչափերի է դատապարտվել տարբեր հանցագործությունների համար: Օրինակ՝ հանրային սեփականության հափշտակություն՝ գողության միջոցով, ավտոմեքենայի գողություն, նա դատապարտվել է նաև ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, դանակահարել է ինչ-որ մեկին, մի անգամ էլ դատվել է խուլիգանության և ծեծկռտուքի համար: Նա նույնիսկ ծեծի է ենթարկել մի հայտնի կնոջ՝ տեսախցիկների առաջ, ծեծի է ենթարկել մի երեխայի, որ իր երեխայի հետ կոնֆլիտ է ունեցել: Բոլորովին վերջերս մարդ է սպանել»,- ասել է Փաշինյանը։
«Պարոն Փաշինյան, ես կխնդրեի՝ ձեզ հարցը հստակեցնեիք՝ ում է վերաբերում, ես պատասխանեի: Ես կենսագրությունով չեմ մտածում: Ես կառաջարկեի հարցը հստակեցնեք, կոնկրետ պատասխանից չեմ խուսափում»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը պնդել է, որ Սյունքի մարզպետարանի կայքում մարզպետ Խաչատրյանի կենսագրությունը խմբագրվել է, և ոչ միայն բացակայում է 3 անգամ դատված լինելու փաստը, այլև Խաչատրյանը ներկայացված է որպես գիտնական: «Սուրիկ Խաչատրյանը 2014 թվականին ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական աշխատանք և ստացել է դոկտորի աստիճան»,- պաշտոնական կենսագրությունից մեջբերոմ է արել Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ դոկտորի աստիճանը կառավարությունը չի տալիս, և կրկնել է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Խաչատրյանին ցանկանում էին տեսնել հենց սյունեցիները: