ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում բարձրացրել է Սյունիքի մարզի դատարանի՝ ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտում նիստեր գումարելու հարցը: Փոստանջյանը նկատել է, որ դա անօրինական է և խախտում է ՀՀ քաղաքացի հանդիսացող տուժողների, տուժողների ներկայացուցիչների, մեղադրյալների իրավունքները, մասնավորապես, զոհված զինծառայողների գործերի դեպքում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցից հետո Փոստանջյանը հարցրել է օմբուդսմենին՝ արդյոք վերջինս մարդու իրավունքների խախտումը չի տեսնում նման պրակտիկայում։
«Անկեղծ ասած՝ մենք չունենք բողոքներ այդ դատարանի հարցի հետ կապված: Ինձ համար հարցը գտնվում է բավականին զգայուն հարթությունում: Ես հիմա պատրաստ չեմ դրա մասին ձեզ հետ այստեղից խոսել, պատրաստ եմ [հետո] ձեզ հետ քննարկել խնդիրը»,-ասել է Կարեն Անդրեասյանը:
Հակադարձելով՝ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ ՄԻՊ-ը պետք է որ բողոքներ ստացած լիներ: Պատգամավորի խոսքով՝ Ստեփանակերտի դատարանում է քննվում, օրինակ, ԼՂՀ-ում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը: Փոստանջյանն ընդգծել է, որ նման դեպքերում կա հստակ իրավունքի խախտում և ՀՀ Սահմանադրության խախտում:
«Եթե բողոք է պետք, ես կներկայացնեմ»,-ասել է պատգամավորը:
Անդրեասյանն իր պատասխանում 2 անգամ պնդել է, որ ՄԻՊ գրասենյակը վերջին 3,5 տարվա ընթացքում գեթ մեկ բողոք չի ստացել։
Իրականում նշված հարցով Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի բողոք է ստացել։ Epress.am֊ը զրուցել է 2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում զոհված 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի հետ, ով պնդել է, որ այս տարվա հունիսին ՄԻՊ գրասենյակ դիմում է հանձնել՝ ցանկանալով իմանալ՝ ինչու են իր որդու գործով նիստերն անցկացվում Ստեփանակերտում։
2010 թվականին ԼՂՀ֊ում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, մեզ նույնպես ասել է, որ խնդրի առնչությամբ դիմել է օմբուդսմենի գրասենյակ։
2011 թվականին Խոջալուի զրոամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը, 2012-ի փետրվարին նամակ է գրել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` հարցնելով, թե ինչու են Հայաստանի քաղաքացիները ծառայում Լեռնային Ղարաբաղում:
«Առաջին հարցումը մենք տիկին Սարուխանյանից ընդունել ենք և անմիջապես հարցում ենք արել Պաշտպանության նախարարություն, սակայն ՊՆ֊ի տված պատասխանը մեզ չի գոհացրել: Ուստի մենք նամակ ենք գրել վարչապետին, որպեսզի ի վերջո ստանանք գոհացուցիչ պատասխան, որ կարելի կլիներ փոխանցել տիկին Սարուխանյանին», – Epress.am-ի հետ զրույցում 2012-ի մարտին ասել էր ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը՝ հրաժարվելով ասել, թե ինչ է գրված եղել ՊՆ֊ի պատասխանում։
Լուսանկարը՝ courtnkr.am