Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Ավետիք Բուդաղյանի գործով դատավարության ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը լքել է դատական նիստերի դահլիճը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ալումյանը: Նա ասել է, որ քննարկելու է Բուդաղյանների ընտանիքի հետ և հնարավոր է` այլևս բոյկոտեն այդ դատավարությունը:
Դատարանի դահլիճը լքելու պատճառն այն էր, որ նախագահող Նապոլեոն Օհանյանը մերժել էր դատարանին ուղղված բացարկի միջնորդությունը:
Ալումյանը հիմնավորել էր, որ ինքը բացարկ է հայտնել դատավորին, քանի որ վերջինս, լինելով Սյունիքի մարզի բնակիչ, իր ողջ ընտանիքով հանդերձ գտնվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի լիազորությունների ազդեցության տակ:
«Ես իմ հիմնավորումների մեջ նշել եմ, որ մարզպետին օրենքով տրված են բավականին լայն լիազորություններ, գրեթե բոլոր ոլորտներում, և, լինելով Սյունիքի մարզի բնակիչ, դատավորը կարող է խնդիրներ ունենալ Սյունքի մարզպետի հետ»,- ասել է Ալումյանը:
Հիշեցնենք, որ քննվող սպանության դեպքը տեղի է ունեցել Սուրիկ Խաչատրյանի տանը, և գործով որպես տուժող անցնում է նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը:
Սուրիկ Խաչատրյանը կրկին մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին: