Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, ով օրեր առաջ կոտրել էր շուկայում աշխատող այն ձեռներեցների սեղանները, ովքեր մասնակցել էին կառավարության շենքի դիմաց անցկացված ակցիային, սկսել է քավել մեղքերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Աբրահամյանը բջջային հեռախոս է նվիրել այն կանանցից մեկին, ում սեղանը կոտրել էր, որպեսզի «սիրտը շահի»:
Բացի դա, երեկ հերթով մոտեցել է շուկայի վաճառականներին ու ասել, թե կարող են գնալ բողոքի ակցիայի:
«Սակայն որոշ վաճառականներ նշեցին, որ Աբրահամյանի այս քայլը ոչ թե ամոթի կամ բարեհաճության դրսևորում է, այլ սովորական խորամանկություն:
Բանն այն է, որ Վաղարշ Աբրահամյանը ևս շուկայում բազմաթիվ սեղանիկներ ունի ու երբ մյուս սեղանիկները ժամերով փակվում են ակցիայի պատճառով, Աբրահամյանին պատկանող վաճառասեղանների ոսկե զարդերն ավելի մեծ քանակությամբ են վաճառվում», – նշում է թերթը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն՝ Աբրահամյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ iravaban.net