Հոկտեմբերի 3-ին «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնը, կայացել է Հայաստանում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, «Կալաշնիկովի» հետ համագործակցությունն արժևորել է բացմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Կարծում եմ, որ ստորագրված բոլոր համաձայնագրերը մեծ կարևորություն են տալիս մեր հարաբերություններին, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգության և բոլոր այն խնդիրների լուծմանը, որ մենք իրականացնում ենք միասին»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Արարողության ընթացքում ներկայացվել են «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանմուշները` դիպուկահարների համար նախատեսված, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից օգտագործվող հրաձգային զենքի տեսակներ, ատրճանակներ և այլն: