«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջում է վերականգնել իր իրավունքները և պատասխանատվության կանչել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսօր ուղղված դիմումի մեջ։
Փոստանջյանը նշում է, որ այս տարվա սեպտեմբերի 30-ին ինքը պաշտոնապես Ազգային Ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը։
«Ժառանգության» պատգամավորն ընդգծում է, որ, համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր:
«Ըստ հիշյալ հոդվածի, Ազգային ժողովի նախագահը սույն հայտարարությունն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ: Ըստ այդմ՝ նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում և տեղադրվեր Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Սակայն մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խոչընդոտում է իմ՝ որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները:
Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ սույն դիմումին, միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու իմ իրավունքները և պատասխանատվության կանչել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին», ֊ ՄԻ պաշտպանին ուղղված նամակում գրել է Զարուհի Փոստանջյանը: