ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին, խիստ նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարի տեղակալ, հրետանու պետին։
Նույն տեղեկություններով՝ մեկ աստիճանով իջեցվել է զորամասի դիվիզիոնի կապի պետի զինվորական կոչումը։ Ըստ «ՀԺ»-ի՝պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ են ուղարկվել զորամասի շտաբի պետը, զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը, ինչպես նաև զորամասի դիվիզիոնի հրամանատարը։
Հարությունյանի դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 8-ին, ծնոտի շրջանում մահացու հրազենային վիրավորումով։ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է զինծառայող Վարդան Դավթյանը։ Վերջինս մեղադրվում է զորամասում զինծառայողին վիրավորանք հասցնելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մեջ։ Առաջադրված մեղադրանքներում Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչում։