Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի ադրբեջանցի թղթակից Արզու Գեյբուլաևան պարբերականին թղթակցելու համար սկսել է սպառնալիքներ ստանալ ու դարձել է իր երկրում ատելության արշավի թիրախ։
«Ակօս»֊ի հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․
֊ Անցած շաբաթ հաղորդել էինք, որ մեր ադրբեջանցի թղթակից Արզու Գեյբուլաևան «Ակօս»֊ին թղթակցելու համար սկսել է սպառնալիքներ ստանալ ու իր երկրում ատելության կոչերի թիրախ է դարձել։
Երբ Գեյբուլաևային հարցրեցինք՝ ինչ կարծիք ունի «Ակօս»֊ի ձեռք բերած «թշնամական թերթի» համբավի ու իր՝ «հայ շուն» լինելու մասին, նա հաստատեց, որ հասարակության որոշ հատվածներ նրան համարում են դավաճան, որը վաճառել է իր հայրենիքը, ազգն ու անցյալը։
«Իհարկե, ես դավաճան եմ, քանի որ ստվերում մնալ ցանկացողների կարծիքով` Թուրքիայում հայկական թերթի համար աշխատելը դավաճանություն է։ Բացի դրանից, նրանց պնդմամբ, ես դավաճան եմ նաև այն պատճառով, որ Ղարաբաղի մասին դեռևս ոչինիչ չեմ գրել։ Չնայած այն փաստին, որ բավական մեծ թվով էսեներ ու հոդվածներ ունեմ։
Պատերազմից 20 տարի է անցել։ Երբ պատերազմը սկսվեց 92֊ին, ես ինը տարեկան էի։ Հիշողություններս հիմնականում սև ու սպիտակ ֆիլմի են նման՝ մի փոքր աղոտ ու մասնատված։ Ղարաբաղյան պատերազմի մասին սովորել եմ պատմության գրքերից։ Սովորել եմ, որ հայերը սարսափելի ազգ են, որ նրանք մեզ զրկել են ադրբեջանական տարածքներից, որ մեր բանակը չի կարողացել պահպանել իր սեփական սահմանները, որ տասնյակ անմեղ մարդիկ անխղճորեն սպանվել են․ այս ամենի մասին կարդացել եմ։ Մեր պետությունը ձգտում էր սա արմատավորել մեր ուղեղներում։ Անձամբ ես տեսածիցս ու լսածիցս մի բան եմ հասկացել՝ նման ցավը երբեք չպետք է կրկնվի»։
Ադրբեջանին ու Հայաստանին պառակտող մեկ այլ պատմական իրադարձության՝ Խոջալուի ողբերգության վերաբերյալ Գեյբուլաևան ասել է․ «Այո, դա ողբերգություն էր, քանի որ շուրջ 600 համերկրացիներ սպանվեցին։ Սպանվելուց առաջ նրանք հալածանքների են ենթարկվել, ցրտամահ եղել՝ այդ մղձավանջից փախչել փորձելիս։ Այդ գիշեր տեղի ունեցածը չի մոռացվել։ Երբեք չի մոռացվի։ Սպանված համերկրացիների նկարներն ամեն տարի մեզ ու ամբողջ աշխարհին հիշեցնում են այդ մասին։ Ինձ համար՝ Խոջալուն մեր պատմության մեջ մի օր է, երբ մեր մարդիկ դաժանաբար սպանվեցին։ Դա տեղի է ունեցել։ Հերքելն ինքնին հանցագործություն է։ Այնուամենայնիվ, ես երբեք չեմ խոսել մեր անցյալը հերքելու կամ մոռանալու մասին։ Իմ դավաճանությունը, ակնհայտորեն, կայանում է խաղաղության ձգտելու մեջ»։
Գեյբուլաևան շարունակում է, որ Ադրբեջանում չեն ցանկանում ընդունել, որ ադրբեջանցիները նույնպես մարդիկ են սպանել, ու որ մյուս կողմը նույնպես տուժել է պատերազմից․ «Ես վերջապես հասկացա, որ ատելության խոսքը ոչնչի չի բերի ու փորձեցի երկխոսության դուրս գալ մյուս կողմի հետ։ Ցանկանում էի պարզել՝ ինչ են հայերը սովորում պատերազմի մասին։ Ոչ այն նպատակով, որպեսզի ապացուցեմ՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ։ Ցանկանում էի հասկանալ»։
Արզու Գեյբուլաևան, ով վստահ է, որ «մենք պետք է ձգտենք ինքներս գրել մեր ժամանաշրջանի պատմությունը, այլ ոչ թե ապրենք ըստ ուրիշների գրածների», եզրափակում է՝ հարց ուղղելով իրեն սպառնալիքներ հղողներին․ «Ձեր վիրավորանքների ու նվաստացումների համաձայն ես դավաճան եմ։ Իսկ ո՞վ եք դուք։ Ո՞վ է ասել, որ դուք հերոսներ եք»։