«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևորդ Աշոտ Մկրտչյանը (անունը ազգանունը փոխված է), զինվորական ծառայության ընթացքում հակառակ իր կամքի ստիպված է եղել Հայ առաքելական եկեղեցու քահանայի գլխավորությամբ աղոթքներ անել, գրում է medialab.am֊ը:
«Երբ կասկածեցին, որ այլ կրոն եմ դավանում, ինձ տարան հրամանատարի մոտ, ստիպեցին հրաժարվել իմ կրոնից: Ինձ սկսեցին ծաղրել, սպառնացին, որ եթե մեր զորամասում ծառայող քահանայի ամենօրյա աղոթքներին չմասնակցեմ, ինձ համար վատ կլինի»,- «Մեդիալաբին» պատմել է Աշոտը:
Կայքը նշում է, որ բանակում Հայ առաքելական եկեղեցու քահանաների ծառայությունը խնդիրներ է հարուցում կրոնական այլ կազմակերպությունների հետևորդ հանդիսացող զինծառայողների համար:
Չնայած ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք», և կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` ռազմական դրության, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում, այնուամենայնիվ, իրավապաշտպաններն ահազանգում են՝ բանակում ծառայող հոգևորականները հավատաքննություն են իրականացնում: Նկատելով, որ «հոտից» շեղվող կա, այլ կրոն դավանող երիտասարդների հետ սկսում են «դաստիարակչական աշխատանք» տանել՝ ստիպելով իրենց հետ աղոթքներ անել:
Հոգևորականները դա բացատրում են նրանով, թե փորձում են «դարձի բերել» տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ հանդիսացող զինծառայողներին:
Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նկատել է, որ 21-րդ դարում կղերականությունը մուտք է գործել Հայաստանի դպրոցներ և բանակ:
«Բանակում չպետք է լինի Հայ առաքելական եկեղեցու սպասավորն ու ամեն անգամ աղոթք անի: 21-րդ դարում կղերականության մուտքը Հայաստան և դեպի միջնադար գնալն անթույլատրելի եմ համարում: Նրանց կարծիքով՝ կրոնական կազմակերպությունները պառակտում են ազգը, ես կասեի հակառակը՝ իրենց գործունեությամբ իրենք են պառակտում մեր միասնությունը: Բացարձակ նշանակություն չունի՝ մարդն աթեիստ է, թե որևէ հավատի ներկայացուցիչ, բոլորը հայեր են: Նրանք բանակում քարոզչություն չեն տարածում, բանակում միակողմանի քարոզչություն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցին՝ քահանայի միջոցով», – ասել է Իշխանյանը:
Նա հիշում է մի դեպք, երբ աթեիստ երիտասարդին ստիպել են աղոթել բանակում:
«Ենթադրենք, ես անհավատ եմ, բայց իմ հայրենիքը սիրում եմ ի տարբերություն շատ պաշտոնյաների երեխաների, գնացել եմ բանակ, չեմ խուսափել բանակից, ինձ ստիպում են աղոթել ու խաչ համբուրել: Սա ի՞նչ վերաբերմունք է: Դա մարդուն նվաստացնելու ձև է, ստիպում են իր կարծիքին ու հավատին դեմ գնալ, ոտնահարում են նրա իրավունքը: Արդյո՞ք մենք վերադառնում են միջնադար, որ հավատաքննություն է իրականացվում»,- հարցադրում է արել իրավապաշտպանը:
Ի տարբերություն Իշխանյանի, «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը հավատացնում է, թե «աղանդավորները հոգևորսություն են կատարում բանակում»:
Ամարյանի խոսքով՝ այլ կրոն դավանող երիտասարդները փորձում են իրենց կրոնական կառույցի համար մարդիկ հավաքագրել և բանակում ծառայելու ժամանակ քարոզ են իրականացնում: Ամարյանը պնդում է, որ ինքը տեղյակ է նման դեպքերի մասին:
Նախկին զինծառայող Աշոտ Մկրտչյանը, սակայն, ասում է, որ բանակում ինչպես ինքը, այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների հետևորդ երիտասարդներն աշխատել են աննկատ մնալ այդ հարցում, որպեսզի զորամասի ղեկավարությունը չիմանա այդ մասին:
«Հենց իմանում էին, որ որևէ մեկը այլ կրոնի հետևորդ է, ստիպում էին քահանայի հետ աղոթքներ անել: Այդ պայմաններում ոչ մի քարոզչություն անելու մասին խոսք լինել չի կարող, բանակում ես չեմ էլ մտածել քարոզչություն անելու մասին»,- ասել է նա:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը նկատում է, որ բանակում ինչպես մյուս, այնպես էլ կրոնական հարցերով ճնշումների ենթարկվող երիտասարդները խուսափում են բարձրաձայնել այդ մասին:
«Քանի որ մտավախություն կա, որ բողոքելու դեպքում կարող են իրենց ճնշել և նաև մտավախություն կա, որ կարող են իրենց ընկերների կողմից արհամարվել, քանի որ ներքին ինֆորմացիան դուրս տանելը վատ է դիտվում իրենց ընկերների կողմից, զինծառայողները գերադասում են լռել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասել է Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաներն ըստ էության բանակում այլընտրանքային ծառայություն են անցնում, քանի որ զենքով չեն ծառայում, մարտական դիրքերում ծառայություն չեն իրականացնում:
«Պատճառն այն է, որ եկեղեցին փորձում է ինչ-որ դերակատարություն վերցնել իր վրա դպրոցներում, բանակում և այլն, այսինքն՝ իրենց համար գործ են հնարում, որ արադարացնեն իրենց գոյությունը: Եկեղեցին ճգնաժամի մեջ է, իր տեղը հասարակությունում չի կարողանում գտնել և դրա համար նման գործեր են հնարում»,- ասում է նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում