Home / Հայաստան / Գյումրիի անօթևանների համար գալիք ձմեռն էլ ավելի դժվար կլինի․ asparez.am

Գյումրիի անօթևանների համար գալիք ձմեռն էլ ավելի դժվար կլինի․ asparez.am

Գյումրիում անօթևանների սոցիալական վիճակը գնալով ավելի է սրվում, գրում է asparez.am֊ը։ Կայքի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասել է, որ այս տարվա ձմեռն ավելի դաժան է լինելու անօթևանների համար, քանի որ անցած տարիների համեմատ ավելի քիչ թվով մարդիկ են պատրաստվել ձմռանը.

«Եվ սոցիալական վիճակի ծանրացումն է, և հոգեբանական պահ կա: Անցած տարի, երբ մենք ման էինք գալիս տնակային ավաններում, տեսնում էինք, որ 10-ից գոնե 1-2-ը պատրաստվել էին ձմռանը, հիմա լավագույն դեպքում 10-ից 3-4-ը աղբ են կուտակել: Մնացածը թե ինչ են անելու, չգիտեմ, հավանաբար, մի երկու ամիս լույս կվառեն, որից հետո, բնականաբար, էներգիայի թանկացման պայմաններում լույսերի մարում կլինի, ու մարդիկ ոչ միայն առանց ջեռուցման, այլև առանց լույսի կմնան: Եթե այսպես գնաց, ես կանխատեսում եմ, որ ստիպված լինենք մարդկանց նաև մոմեր բաժանել»:

Asparez.am֊ը գրում է, որ անցած տարվա նման տարբեր անձանց, գործընկերների դիմելու միջոցով «Շիրակ կենտրոնը» վառելափայտի որոշակի պաշար է կուտակել, որն ըստ անհրաժեշտության սկսել են բաժանել անօթևաններին: Արդեն իսկ 22 ընտանիք ստացել է 15-20 պարկ վառելափայտ, որը մոտավորապես մեկ խորանարդ մետր է լինում։

«Սկզբում նախատեսել էինք ավելի շատ տալ, բայց աննախադեպ մեծ թվով մարդիկ էին դիմել, ու ուզած-չուզած՝ պակասեցնելու ենք թիվը: Ինչքան մենք կարողանում ենք միջոցներ հայթայթել, այդքանն էլ բաժանում ենք: Հնարավոր է հետո, երբ նոր բարերարներ լինեն, ավելի ծայրահեղ վիճակում գտնվողներին նորից բաժանենք: Մեզ համար դժվար կլինի, բայց հիմա ուզում ենք շատ մարդկանց բաժանել», ֊ ասել է Թումասյանը: