Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ բարձրացված հիմնախնդիրներին անդրադառնալու փոխարեն ՀՀ ԱԺ առանձին պատգամավորներ՝ հատկապես ՀՀԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ, իրենց ելույթներով փորձել են վարկաբեկել ՄԻՊ-ին: Այս մասին ասված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշում են, որ քննարկումներն ընթացան ոչ թե մարդու իրավունքների խախտումների և դրանց հանգեցնող պատճառների վերացմանն ուղղված քայլերի որոշման տրամաբանությամբ, այլ էժանագին և մարդու իրավունքների սկզբունքները խեղաթյուրող, վարկաբեկող ելույթներով:
«Մենք դատապարտում ենք նման ելույթները և մեր աջակցությունն ենք հայտնում ՄԻՊ-ին, թեկուզ ունենալով որոշ վերապահումներ նրա որոշ դիրքորոշումների վերաբերյալ:
Գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորն իր դիրքորոշումը պետք է ձևակերպի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ, որի հիման վրա միայն կարող է տեղի ունենալ իրավիճակը փոփոխելուն ուղղված գործողությունների ձևակերպում: Հակառակ պարագայում մարդու իրավունքների խախտումներին հանգեցնող պատճառները կմնան չվերացված, որը հանգեցրել է Հայաստանի Հանրապետությունում անպատժելության և անպատասխանատվության մտածելակերպի ու գործելակերպի ձևավորմանը», ֊ ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ, որտեղ կոնկրետ պատգամավորների ելույթներ չեն մատնանշվում:
Հայտարարության հեղինակները զեկույցի կարևոր կետեր են համարում օմբուդսմենի կողմից արձանագրված այն փաստը, որ 2008 թ. մարտի 1-ին տասը սպանված քաղաքացիների գործերով մեղավորները չեն բացահայտվել, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների ազատ հավաքների իրավունքի իրականացման կոպիտ խախտումները, մարդու արժանապատվությունը նվաստացնող և վատ վերաբերմունքի, խոշտագումների, բռնությունների փաստերով ոչ պատշաճ քննության վիճակը։
Լուսանկարում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց