Գյումրեցի լրագրողների մի մասը հայտարարել է, որ բոյկոտելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա այցը Գյումրի: Այցը չլուսաբանելու կոչով հանդես է եկել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որը գործարկում է asparez.am կայքը և հրատարակում է համանուն թերթը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը որպես բոյկոտի պատճառ նշում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը չի կատարել իր նախընտրական խոստումները, և Գյումրիում մինչ օրս մոտ 4.000 ընտանիք անօթևան է։ Բացի դա, ըստ Բարսեղյանի, քաղաքը շարունակում է մնալ աղքատության, արտագաղթի, գործազրկության ճիրաններում:
Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը այցը բոյկոտել է նույն պատճառաբանությամբ՝ իր հիմնավորման մեջ ավելացնելով. «Սերժ Սարգսյանը Գյումրի է գալիս ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցի կարմիր ժապավենը կտրելու համար, որի շինարարության հետ ինքը բացարձակապես կապ չունի: Ակնհայտ է, որ Գյումրին և Շիրակի մարզը հատկապես վերջին շրջանում կենտրոնական իշխանությունների ուշադրության առանցքում են, և ամեն հարմար առիթի դեպքում ՀՀԿ-ն այլոց բարեգործությունների կողքին վեր է բարձրացնելու սեփական կուսակցական դրոշը»:
Հեռուստաընկերությունը նաև տեղեկացնում է, որ Սարգսյանի մամուլի ծառայությունը գալիք այցի ընթացքում սահմանափակել է գյումրեցի լրագրողների աշխատանքային պայմանները: Նախագահականի լրատվականից լրագրողներին առաջարկել են դպրոցում նկարահանումներ կազմակերպել մինչև Սերժ Սարգսյանի այցելությունը՝ բացատրելով, որ «դպրոցի միջանցքները նեղլիկ են և շարժվելու հնարավորություն չկա»:
Ինչպես նշում է «ԳԱԼԱ»֊ն հետագայում մամուլի ծառայության աշխատակիցները զիջումների են գնացել և թույլ տվել Սարգսյանին նկարահանել «հեռվից»: