Լեռնային Ղարաբաղում՝ Մատաղիս համայնքի վարչական տարածքում, մեկնարկել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը։ Ինչպես հաղորդում է ԼՂՀ կառավարության կայքը, ներդրումները կատարում է շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը։ Վերջինս ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է կառուցվող ձկնաբուծարաններ։ Այցի ընթացքում նշվել է, որ ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները:
Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Լեռնային Ղարաբաղը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:
Հարությունյանը կարևորել է Սերմաքեշի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման գործում, որը ներառում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ, հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն՝ շեշտադրելով, որ նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ միլիարդ դրամի սահմանը: