«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը (լուսանկարում) քաղաքացիական հայց է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ՝ պահանջելով նրանից հոգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն 700 հազար դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ կայացել է գործով նախնական դատական նիստը։
Արտակ Հակոբյանը նշել է, որ Դավիթ Մուրադյանն իրենից պահանջել և ստացել է 14 000 դոլար և 760 000 ՀՀ դրամ կաշառք՝ վաղաժամ ազատվելու համար, սակայն դատապարտյալի դիմումները ուսումնասիրող հանձնաժողովը մերժել է վաղաժամ ազատ արձակել Հակոբյանին։ Դավիթ Մուրադյանը ձերբակալվել է նախորդ տարվա մայիսին կաշառք ստանալու մեղադրանքով։ Հակոբյանի խոսքով՝ կաշառք ստանալու գործով դատական նիստերի ընթացքում Մուրադյանը սպառնացել է իրեն և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին, ինչի հետևանքով Հակոբյանը հոգեկան ապրումներ է ունեցել և ինքնավնասման փորձ է կատարել։ Հայցվորը ցանկացել է՝ բարձրաձայնել, թե ինչ է Մուրադյանն ասել իրեն, բայց դատավորը խնդրել է այդ ամենը թողնել հաջորդ դատական նիստերին, քանի որ, նրա խոսքով, նախնական նիստին դատարանը պարզաբանում է գործի շրջանակը։
Դավիթ Մուրադյանի փաստաբան Մնացական Ղազարյանը միջնորդել է կարճել քաղաքացիական հայցի հիման վրա քննվող գործը, քանի որ իր պաշտպանյալի քրեական գործն այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում։ Եսոյանը, սակայն, մերժել է միջնորդությունը՝ հայտարարելով, որ քրեական գործի Վճռաբեկ դատարանում գտնվելը խոչընդտող հանգամանք չէ, որովհետև հայցվորը կարող է իր հայցի ապացույցները ներկայացնել։
Դատական նիստի ընթացքում Epress.am֊ի լրագրողը դատարանին դիմել է տեսաձայնագրություն կատարելու խնդրանքով, սակայն պատասխանող կողմի փաստաբանը միջնորդել է մերժել խնդրանքը՝ պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի իր պաշտպանյալի հետ, ով նիստին ներկա չէր։
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 28-ին։